Որտե՞ղ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը կկրի իր պատիժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե Զապի մասին եք հարցնելու, ոչ մի մեկնաբանություն»,- ահա այսպիսի կտրուկ պատասխան ստացավ Armlur.am-ը օրերս Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված հայազգի քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի» պաշտպան Վահագն Մարտիրոսյանից:

Վերջինս հայտարարեց, որ իր պաշտպանյալի կողմից հստակ հրահանգ է ստացել՝ լրատվամիջոցներին որևէ հարցազրույց չտալ, հարցերին չպատասխանել: Այդուհանդերձ, Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ Չեխիայում Սողոյանի պաշտպանը բողոքարկել է Պրահայի մունիցիպալ դատարանի դատավճիռը, սակայն այս մասով դատական ակտ դեռևս չկա:

Ինչ վերաբերում է «օրենքով գողին» արտահանձնելու հարցին, Վահագն Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիներին արտահանձնել արգելվում է՝ անկախ ամեն ինչից: Ուստի՝ Սողոյանը, ամենայն հավանականությամբ, պատիժը հայրենիքում կկրի: Այս մասով ևս սպասվում է դատական ակտի կայացում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին գյումրեցի «օրենքով գող» Զապը Երևանի Խորենացու փողոցում ձերբակալվել է, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը միամսյա ժամկետով: Ավելի վաղ Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը` Զապ) և նրա 4 համախոհների նկատմամբ: Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` սպանություն և շորթում կատարելու համար:




Լրահոս