ԿՈՅՈՒՂԱՆՑՔԻ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քիչ աբսուրդ է, բայց պաշտոնական այցերը Հայաստան, ամենայն հավանականությամբ, առնվազն Երեւանում նվազեցնում են թուջի գողության դեպքերը: Հիշո՞ւմ եք, 2010-ի օգոստոսին, երբ Հայաստան պետք է այցելեին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ այստեղ անվտանգության լուրջ միջոցառումներ են իրականացվում. բարձրահարկերի տանիքներից դիպուկահարները հսկելու են ՀԱՊԿ անդամների շարժը, եւ եռակցվում են ճանապարհների բոլոր դիտահորերը: Իհարկե, հասարակությունը շատ տարօրինակ համարեց այդ լուրը, բայց հավատացե՛ք, որ «լուկերը» «սվարկա» անելու մեջ առնվազն մի քանի լավ բան կա, դրանից ո՛չ «Երեւանջուր»-ն է տուժում, ո՛չ մեքենաների տերերը, ո՛չ երկրի հեղինակությունը, ո՛չ էլ, ինչ-որ տեղ,  թուջ (չուգուն) սիրողները:  
Ա՛յ, օրինակ, եթե վերոնշյալ պատվիրակությունն անցյալ տարվա դեկտեմբերին ժամաներ Հայաստան, եւ շարժման երթուղին, ասենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքով անցներ, Տիգրան Կնյազյանը եւ նրա ընկեր Էդիկ Սարգսյանն այսօր ամբաստանյալի կարգավիճակով չէին հայտնվի դատարանում. կարելի է ասել՝ նրանք ուղղակի գլխազրկել են այս եւ հարակից համայնքների դիտահորերը: Երբ անհետացումները հաճախակիացել են, ոստիկանները փնտրել, փնտրել են ու գտնելով թուջասերներին՝ մեղադրանք առաջադրել Տիգրան Կնյազյանին ու Էդիկ Սարգսյանին: Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին, երբ մարդիկ Նոր տարվա տրամադրություններով ու եռուզեռով էին տարված, երկու ընկերները դուրս են եկել տարածքում շրջայցի եւ ժամը 22:00-ից սկսել դիտահորերի թուջե կափարիչների «գողությունը». Տիգրան Կնյազյանը եւ Էդիկ Սարգսյանը վերջինիս որդուն պատկանող, բայց Տ. Կնյազյանի շահագործման տակ գտնվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւանի Րաֆֆու փողոցի 77, 75, 37 հասցեներ, այնտեղից ապամոնտաժել եւ գողացել «Երեւանջուր» ՓԲԸ-ին պատկանող երեք հատ 36.000-դրամանոց դիտահորի թուջե կափարիչները: Ժամը 23:00-ի սահմաններում էլ հասցրել են հավաքել նույն՝ Րաֆֆու փողոցի 35 եւ 33 հասցեներում գտնվող «Երեւանջուր» ընկերության դիտահորերի երկու թուջե կափարիչները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 58.800 դրամ: Եւ այսպես, 16 դրվագով Էդիկ Սարգսյանն ու Տիգրան Կնյազյանը 3 օրում «ալեհոպ» են արել Երեւանի Րաֆֆու, Տիչինայի, Իսակովի, Աէրացիա թաղամասի, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Բաղրամյան, Թաիրով գյուղերի փողոցների դիտահորերի թուջե կափարիչները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 435.000 դրամ: Բոլոր դրվագներով էլ վնաս կրողը եղել է «Երեւանջուր»-ը, մյուս ընկերությունների «լուկագլխիկներին» ձեռք չեն տվել:     
Այժմ նրանց գործը լսելու է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, քանի որ «լուկափակերից» որոշները տարվել են նաեւ այս համայնքից: Իսկ երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքի զգալի չափով գողությունը), որը նախատեսում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` 2-5 տարի ժամկետով:
Հ.Գ. Բայց էլի Կնյազյանի ու Սարգսյանի բախտը բերել է. պատկերացնո՞ւմ եք՝ ՀԱՊԿ-ի անդամների գալու նախորդ գիշերը տարած լինեին «լուկագլխիկները», մանավանդ Իսակով փողոցինը, ու հանկարծ արագ ընթացքի ժամանակ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները «հոպ» լինեին… Պատկերացրե՛ք, թե դա ինչքան թանկ էր նստելու Հայաստանի իշխանությունների վրա, բա «մահափորձի» վերաբերյալ վարկածներն ու գնահատականնե՜րը… Էլ չեմ ասում, որ եթե հանկարծ բարձրահարկերի տանիքների դիպուկահարները «սվարկա» արած «լուկագլխիկների» գողերին նկատած լինեին, գլխներին ի՜նչ էին անելու… Էնպես որ, լավ են պրծել:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս