Ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզի Խնկոյան գյուղում: Երեկ երկաթե մետաղալարով կախվելու միջոցով ինքնասպան է եղել գյուղի 38-ամյա բնակիչ Արայիկ Ավետիսյանը: Ըստ նախնական վարկածի՝ Ավետիսյանն առավոտյան գնացել է կարտոֆիլ ցանելու, սակայն չի վերադարձել: Հարազատներն իջել են հորը եւ գտել մարմինը: Նա որեւէ գրություն չի թողել, եւ դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Խնկոյան համայնքի գյուղապետ Վարուժան Համբարձումյանի վկայությամբ՝ Ավետիսյանն արմատներով Հարթագյուղից էր, Խնկոյանում տնփեսա էր: «Արայիկը կարգին տղա էր, հավասարակշռված եւ կիրթ անձնավորություն: Ամուսնացած էր, ուներ երեք անչափահաս տղա: Կրտսերը դեռ 3 տարեկան էլ չկա: Ապրում էին աներոջ ու աներձագի հետ: Գիտեմ, որ շատ հաշտ էին ընտանիքում»,-ասաց համայնքապետը: Վերջինս նշեց, որ ինքնասպանության դրդապատճառների մասին դժվարանում է խոսել, բայց գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ա. Ավետիսյանը մեծ պարտքեր է ունեցել:
Հավելենք, որ Ավետիսյանը Սարալանջ գյուղի դպրոցի տնօրենն էր: Նշանակվել էր չորս ամիս առաջ: Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանն ասաց, որ Ավետիսյանի հետ հաճախակի շփման առիթներ չի ունեցել, ու կարծիք հայտնել չի կարող:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ավետիսյանի դին 16:50-ին տեղափոխել են Սպիտակի հիվանդանոցի դիահերձարան:
ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ից մեզ տեղեկացրին, որ կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՐՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ