«ԱԶԻԶԸ» ԴԱՐՁԵԼ Է ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ընդամենը «ազիզ» բառի համար մի ամբողջ «ազգ» բախվել է իրար, ինչի  ժամանակ անգամ կրակոցներ են հնչել: Ոստիկանությունը միջադեպի որոշ անդամների ձերբակալել է Երեւանում, իսկ կրակողին դեռեւս փնտրում են:
«Ժողովուրդ»-ին պատմեցին, որ վերը նշված օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, մի խումբ տղաներ Վարդենիսի նախկին անասնապահական համալիրի մոտ հավաքված են եղել ինչ-որ թեմայից զրուցելու համար: Ներկա են եղել Վարդենիսի բնակիչներ Արկադի Գրիգորյանը, Կարեն Սահակյանը, Կարեն Գրիգորյանը, Մինաս Մինասյանը, Վահե Ավետիսյանը, Արսեն Հովհաննիսյանը, Վարդան եւ Արմեն Դավթյաններն ու Արման Երանոսյանը (որին վարդենիսցիները գիտեն որպես Ջեյսիկ):
Հավաքված տղաներին մոտեցել են Արման Դավեյանն ու Ռաֆայել Թադեւոսյանը (որին վարդենիսցիները ճանաչում են որպես Մեմիրի Ռաֆո): Վերջինս Արման Երանոսյանին հարց է ուղղել, թե «ազի՛զ, ո՞նց ես», իսկ Արմանն էլ այդ պահին ոչինչ չի պատասխանել: Բայց ժամեր անց կրկին վրդովված եկել է նույն վայրը՝ այդ «ազիզ» բառից ու պատիվ պահանջելու Ռաֆայել Թադեւոսյանից: Նրանք  սկսել են լեզվակռիվ տալ, իրար վիրավորել ու «ռազբիրյատ» անել «ազիզ» բառի շուրջ: Լեզվակռիվն այնքան է թեժացել, որ 35-ամյա Ռաֆայելը հանել է իր ինքնաձիգն ու կրակել:
Արմանի շուրջ հավաքված մարդիկ սկսել են այս ու այն կողմ փախչել եւ, բարեբախտաբար, նրանց հաջողվել է խուսափել արձակված կրակոցներից: Ռաֆայելն էլ, իր «գործը» ավարտած համարելով, նստել է մեքենան ու փախել Երեւան: Առավոտյան նրան զանգահարել է Արմանն ու ասել, որ իրենք դեռեւս պարզելու բան ունեն,  Ռաֆայելն  առաջարկել է հանդիպել Երեւանում եւ մնացած գործը ավարտին հասցնել: Արմանն էլ, հավաքելով իր հետ եղած անձանց, շտապել է Երեւան՝ Ռաֆայելին հանդիպելու համար: Եւ քանի որ ոստիկանությունը տեղյակ է եղել կրակոցներից, նրանց հաջողվել է արդեն Երեւանում Արկադի Գրիգորյանին, Կարեն Սահակյանին, Կարեն Գրիգորյանին, Մինաս Մինասյանին, Վահե Ավետիսյանին, Արսեն Հովհաննիսյանին, Վարդան եւ Արմեն Դավթյաններին ու Արման Երանոսյանին ձերբակալել: Իսկ Ռաֆայել Թադեւոսյանը դեպքի վայրում չի եղել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին, որ մայիսի 14-ին Վարդենիս քաղաքում նման միջադեպ է տեղի ունեցել:  Տեղեկացանք, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 258 հոդվածով՝ խուլիգանություն (դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով), պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով, եւ 235 հոդվածով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` վերը նշված խումբը ԱԺ ընտրությունների ժամանակ աշխատել է ԲՀԿ-ի համար, ու քանի որ շատ ակտիվ է եղել, ոստիկանությունն այս կերպ փորձել է նրանց «տեղը» ցույց տալ:
Նշված անձինք ստորագրությամբ բաց են թողնվել, ձեռնարկվում են միջոցառումներ Ռաֆայել Թադեւոսյանին հայտնաբերելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս