Դատավորների գործունեությունից, անարդար վճիռներից դժգոհությունը մշտապես առկա է հայկական իրականության մեջ: Մարդիկ բաց տեքստով հայտարարում են, որ ՀՀ դատական համակարգն ամենակոռումպացվածն է: «Ժողովուրդ»-ը վերջին ժամանակներս դարձել է դատական քաշքշուկներից հոգնած քաղաքացիների «ընդունելության տուն»:
Խմբագրություն այցելած Վեներա Ղուլյանը դատական տարբեր ատյաններում փորձում է վերականգնել բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Ծնողների ամուսնալուծության պատճառով 1986թ.-ին նրանց պատկանող Երեւանի Զեյթուն թաղամասի բնակարանը փոխանակվել է երկու այլ բնակարանների հետ: Վեներան մոր եւ քրոջ հետ տեղափոխվել է Աջափնյակ թաղամասի Հալաբյան փողոցի 3-րդ շենքի 9-րդ բնակարան: Նույն թվականին նա ամուսնացել է: 1987թ-ին, ապա 1991թ.-ին ծնվել են նրա երեխաները եւ հաշվառվել նշված բնակարանում: Հետո կենցաղային հողի վրա սկսվել են մոր ու աղջկա տարաձայնությունները: 1988թ.-ին Վեներան ամուսնալուծվել է: Մայրը` Մայտաղ Խաչատրյանը, ստիպել է աղջկան թոռնուհուն հանձնել մանկատուն, սակայն Վեներան չի կատարել մոր պահանջը: 1988թ նա դիմել է Մաշտոցի դատարան բնակարանի իր բաժինը ստանալու նպատակով: Մայրը, տեղեկանալով այդ մասին, Վեներային վտարել է տնից: Վերջինս խնդրանքով դիմել է ամուսնուն, որպեսզի նա ապաստան տա, եւ համաձայնություն ստանալով` մեկնել Ռուսաստան:
1995թ.-ին Աջափնյակ թաղամասի Հալաբյան փողոցի նրանց բնակարանը սեփականաշնորհվում է, որի նկատմամբ Վ. Ղուլյանը եւ նրա երեխաները համարվում են համասեփականատերեր: 2002թ.-ին նշված բնակարանի համար տրվում է սեփականության իրավունքի նոր վկայական, որով Վեներա Ղուլյանը եւ իր 2 զավակները կրկին համարվում են համասեփականատեր: 2003թ.-ին դատական գործընթացով Վ. Ղուլյանին ճանաչում են 1988թ.-ից անհայտ բացակա, այն դեպքում, երբ 1991թ.-ին նա ծննդաբերել է Հայաստանում, 1994թ.-ին Աջափնյակի թաղապետարանից ստացել երեխաների կորցրած վկայականները, 1997թ.-ին` ՀՀ անձնագիր: 2006թ.-ին եղբոր դրդմամբ Վեներայի մայրը դիմում է Աջափնյակի առաջին ատյանի դատարան եւ պահանջում անվավեր ճանաչել 1995թ.-ին Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը՝ պատճառաբանելով, որ Վեներան եւ իր երեխաները խարդախությամբ են գրանցվել այդ բնակարանում:
ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժանմունքում քրեական գործով խարդախության փաստարկները հերքվում են, եւ հայցը մերժվում է: 2007թ.-ին Մայտաղ Խաչատրյանը նորից է դիմում նույն դատարան, հայցը նորից է մերժվում: Հետո նա դիմում է վերաքննիչ քաղաքացիական դատարան, ինչ-ինչ պատճառներով հայցը կասեցվում է: 2010թ.-ին Խաչատրյանը դիմում է ՀՀ վարչական դատարան նույն հայցով, որը կրկին մերժվում է: 2011-ին եւս մեկ անգամ դիմում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան: Այս անգամ արդեն դատավոր Աշոտ Աբովյանի «թեթեւ ձեռքով» Վեներա Ղուլյանը, նրա երեխաները` Լեւոն եւ Վիոլետա Չալիկյանները, զրկվում են բնակարանի համասեփականության իրավունքից:
Վ. Ղուլյանը դիմում է ՀՀ վճռաբեկ դատարան, որտեղից նրա հայցը հետ է վերադարձվում՝ պատճառաբանությամբ, որ Վ. Ղուլյանը ՀՀ մշտական բնակիչ չէ: Դատարանի որոշման հիման վրա Մ. Խաչատրյանը ստանում է սեփականության նոր վկայական, որով Վեներան եւ իր երեխաները զրկվում են ոչ միայն համասեփականության իրավունքից, այլեւ գրանցման վայրից: Ղուլյանը դիմում է ՀՀ արդարադատության նախարարություն, արդարադատության խորհուրդ, Սահմանադրական դատարան, ՄԻՊ գրասենյակ, ՀՀ կառավարություն եւ ստանում հակասական պատասխաններ:
Մի խոսքով, Վեներա Ղուլյանին զրկում են իր Սահմանադրական իրավունքից, այսինքն` ազատ տեղաշարժվելու եւ բնակության վայր ընտրելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, որ նա հաճախակի բացակայում է Հայաստանից: Մի՞թե տեղաշարժվելու իրավունքից օգտվելը պատճառ կարող է դառնալ սեփականությունից զրկելու համար: «Սրա-նրա տանը մաքրություն եմ անում, որպեսզի վճարեմ բնակարանիս վարձը: Ի վիճակի չեմ դատավորներին կաշառք առաջարկել, որ հարցս լուծում ստանա: Արդարադատություն եմ պահանջում»,-ասում է Վեներան:
«Ո՞ՆՑ ԳՆԵՄ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ