«ՆԱԽԱԳԱՀ ՋԱՆՆ» ՈՒ ԵՌՅԱԿԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը եւ փողոց դուրս գալու պատճառները: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է՝ Ազգային ժողովը ցրվի, եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն: Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, եւ այդ տարբերակը կարող է իրագործվել 2015-ի հունիսից ոչ շուտ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը: «Ձեր կողմից նշված շաբաթ օրվա հանդիպման մասին ես որեւէ տեղեկատվության չեմ տիրապետում»,-պատասխանեց Տոնոյանը: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հրաժարվեց մեր բանավոր հարցերին պատասխանել:
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին: Սա ուշագրավ է նրանով, որ ՀՀԿ ԳՄ նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ որոշվել է փոխել ընդունված կարգը, քանի որ կառավարության նիստի նախօրեին ՀՀԿ-ում ի վերջո քննարկելու են թափուր մնացած չորս` ՀՀ փոխվարչապետի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի, Վայոց ձորի մարզպետի եւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններում նշանակումների հարցը: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ հնարավո՞ր է, որ չորեքշաբթի օրը, ի վերջո, հայտնի դառնան թափուր պաշտոնների հավակնորդների անունները: «Նշված բոլոր պաշտոններն էլ շատ կարեւոր են: Պետք է լուրջ, ծանրակշիռ որոշում կայացվի: Տարբեր կողմերից դիտարկվի, նոր որոշում կայացվի»,-պատասխանեց ՀՀԿ-ականը:
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը կամ նույն ինքը՝ «Զապը», նոյեմբերի 1-ին տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: «Նուբերաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբեն Ստեփանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ «օրենքով գողը» դեռեւս պահվում է «կարանտինում»: Քրեական աշխարհում հեղինակություն վայելող կալանավորները, սովորաբար, «կարանտինում» շատ կարճ են մնում` մեկ օր, այն էլ՝ ձեւական` օրենքի պահանջը չխախտելու համար: Ուստի այս դեպքում էլ կարող ենք ասել, որ «Զապը» հատուկ «ուշադրության» է արժանացել: Իսկ թե նման վերաբերմունքը նրա անձի համար լավ թե վատ հետեւանք կունենա, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, անցած ուրբաթ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց մեկամսյա կալանք կիրառելուց հետո «Զապը» նախ տարվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ հետազոտման ենթարկվել, որից հետո միայն՝ տեղափոխվել ՔԿՀ:
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շուրջ կրքերը չեն հանդարտվում. խնդրով սկսել է հետաքրքրվել նաեւ ՀՀ վերահսկիչ պալատը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ այս հարցով Արագածոտնի մարզպետարանում ՎՊ-ի աշխատակիցները հանդիպել են ավելի քան քսան համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված են եղել այն գյուղապետերը, որոնց համայնքներում գործում են հանքեր՝ ավազի, մարմարի, ոսկու եւ այլն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՎՊ-ի աշխատակիցները գյուղապետերից պահանջել են առաջիկայում իրենց ներկայացնել հանքարդյունաբերող ընկերությունների եւ գյուղապետարանների միջեւ կնքված պայմանագրերն ու դրանց առնչվող մնացած փաստաթղթերը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ՎՊ աշխատակիցների եւ գյուղապետերի հանդիպման լուրը եւ այն, որ հանդիպումը կապված է եղել հանքարդյունաբերության խնդիրների հետ:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Եվ այսպես` արդեն հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը կքննարկի նոյեմբերի 17-18 -ին կայանալիք արտահերթ նիստում: Մինչ այդ, ըստ ամենայնի, սահմանադրական դատարանը կհասցնի տալ պայմանագրի վերաբերյալ իր եզրակացությունը, որն էլ, դարձյալ ըստ ամենայնի, կլինի դրական:
Պայմանագրի հետ կապված հետագա գործընթացն էլ, ըստ ամենայնի, որեւէ անկանխատեսելի զարգացում չի ունենա, եւ հայրենի խորհրդարանը գրեթե միաձայն կհաստատի Հայաստանի զարգացումը կասեցնող այդ պայմանագիրը: Իսկ նշված գրեթե-ն էլ, ցավոք, կկազմեն խորհրդարանի մի քանի պատգամավորներ` Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, եւ ըստ ամենայնի` «Ժառանգություն» կուսակցության անդամները: Թեեւ այս վերջին «ըստ ամենայնի»-ն այնքան էլ ամենայնի չէ, քանզի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ «Ազատությանն» ասել է. «Սկզբունքորեն կարող եմ ասել, որ մենք կողմ չենք այս պայմանագրին, բայց պայմանագիրը վերջնական տեսքի որ գա, մինչեւ հիմա էլ աշխատում են այդ պայմանագրի վրա… Եթե Արցախի տնտեսական անվտանգության հարցն ապահովվի, կարելի է քննարկել»: Ահա, այսպես. փաստորեն «Ժառանգության» առաջնորդը պայմանագրի ստորագրման օրը` հոկտեմբերի 10-ին հարթակից հայտարարում է, թե ԵՏՄ-ին անդամակցությունը նշանակում է «Հայաստանի անկախությունը ծախել», իսկ արդեն երկու շաբաթ անց, տեսնելով, որ ռուսահպատակության մրցավազքում հետ ընկնելը որեւէ լավ բան չի խոստանում, խորհրդարանական խմբակցության ղեկավարի շուրթերով «զադնի է դնում»` արդեն սեփական դիրքորոշումը փորձելով արդարացնել բացառապես Արցախի շահերի պաշտպանությամբ: Եւ ստացվում է, որ եթե Արցախի տնտեսական անվտանգության հարցը լուծվի, «Ժառանգությունն» այլեւս «ջղաձգվելու» պատճառներ չի ունենա:
Ինչ վերաբերում է իրենց ընդդիմադիր հռչակած մյուս ուժերին` ՕԵԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿԿ-ին, եւ արդեն անհասկանալի կարգավիճակ ունեցող ԲՀԿ-ին, ապա նրանց դիրքորոշումն արդեն իսկ հստակ է. «ռսի ոտի» պաշտամունքի խմբակի անդամները միմյանցից տարբերվում են ընդամենը ռուսահպատակության դրսեւորումների առավել կամ պակաս ցցուն դրսեւորումներով: Այդպիսով` փաստորեն Աժ խորհրդարանական բոլոր ուժերը միաբերան հավանություն են տալիս Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը, ասել է թե` Սերժ Սարգսյանի համակիրներն են եւ քաղաքական պարտնյորները` արտաքին քաղաքականության մասով: Իսկ մնացածը` ավազակապետության, համակարգային փոփոխությունների եւ իշխանափոխություն պարտադրելու մասին, ինչպես ասում են՝ ներքին լսարանի համար օգտագործվող հռետորաբանություն է: