ԵՏՄ-ն այլևս թույլ չի տա Հայաստանին խաղեր տալ ԵՄ հետ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանում Արեւելյան գործընկերության ծրագրի մասին քննարկումների ընթացքում երեկ հետաքրքիր մտքեր են հնչել Հայաստանի անդամակցության ձախողման պատճառների եւ Արեւելյան գործընկերության ծրագրի հետագա շարունակման նոր մեխանիզմների շուրջ: ԵՄ պաշտոնյաներից շատերն իրենց խոսքում ընդգծել են այն բացը, որն առկա էր ծրագրի իրականացման նախորդ փուլում. այն է` միանման մոտեցում ԱԳ անդամ բոլոր երկրների համար: Հիմա, փաստորեն, եվրոպացիների համար ակնհայտ է դարձել, որ յուրաքանչյուր երկրի համար պետք է լինի տարբերակված մոտեցում:

Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից շատերն ընդգծել են նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրերի իրականացման ընթացքում հարմարվողականության անհրաժեշտությունը, քանզի ԱԳ անդամ վեց երկրներից հինգում Ռուսաստանի կողմից հրահրվեցին եւ ապասառեցվեցին տարածքային հակամարտություններն ու վեճերը, որոնց արդյունքում այդ երկրներից երեքը չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ուկրաինայի դեպքում էլ զարգացումները հայտնի են բոլորին:

Ինչ խոսք, եվրոպացիների այս ուշացած իմաստությունը ողջունելի է, եւ չի բացառվում, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կարողանա դրանից քաղել որոշակի դրական արդյունքներ: Արդեն իսկ այն, որ ԵՄ-ն Հայաստանին տրվող աջակցության չափը չի փոփոխել` Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից մեր հրաժարվելուց հետո, եւ ավելին՝ նաեւ շարունակում է նորանոր դրամական միջոցներ ուղղել Հայաստանում բարեփոխումների իրականացման ուղղությամբ (նախօրեին ԵՄ-ն խոստացավ եւս 170 միլիոն եվրո տրամադրել. քիչ բան չէ): Խնդիրն այն է, սակայն, որ հիմա, երբ եվրոպացիներն անընդհատ կրկնում են, թե իրենք պատրաստ են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակել եւ սպասում են ՀՀ Կառավարության ճշգրտումներին, թե ինչ ոլորտներում է դա հնարավոր, մեր Կառավարության ձեռքերն այլեւս կապված են:

Եվ որքան էլ ԵՄ պաշտոնյաները հայտարարում են, թե Հայաստանը կարող է կաշկանդված լինել միայն ԵՄ հետ առեւտրատնտեսական հարաբերություններում, քանի որ այդ հարցերի տնօրինման իրավունքը հանձնել է ԵՏՄ-ին, իսկ մանցած ոլորտներում ԵՄ հետ որեւէ անհամատեղելի խնդիր չկա, ակնհայտ է, որ դա իրականության հետ կապ չունեցող հայտարարություն է: Ռուսաստանը միայն առեւտրատնտեսական շահերի համար չէ, որ ԵՏՄ-ից հրաժարված Ուկրաինան մասնատեց եւ ընկավ միջազգային պատժամիջոցների տակ, ուստի ակնհայտ է, որ ԵՏՄ-ին հեզ ու խոնարհ անդամակցած Հայաստանին ոչ մի դեպքում թույլ չի տա Եվրոպայի հետ նոր խաղեր տալ:




Լրահոս