ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՏԱՀԵՐԹ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՆԱՐ ԵՆ

Ոչ իշխանական եռյակի երկրորդ` հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հարթակում կանգնածներն ի վերջո հրապարակավ հայտարարեցին, որ իշխանափոխություն են ուզում, բայց ոչ մեկը չասաց, թե ինչպես կամ ինչ տեսքով են ցանկանում ստանալ:

Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով՝ նախագահի հրաժարական պարտադրելով եւ սեփական թեկնածուին նախագահ դարձնելով, ինչպես դա տեղի ունեցավ 1998-ին, կամ խորհրդարանում մեծամասնություն դառնալով: Ինչպես հայտնի է՝ ոչ իշխանական եռյակի ամենաառանցքային կուսակցությունը` ԲՀԿ-ն, Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում եւ ոչ էլ մտադիր է դա անել: Համենայն դեպս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ ասել է, որ ինքը չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն իշխանափոխության իր ծրագիրը պետք է իրականացնի խորհրդարանի միջոցով: Այդ է վկայում նաեւ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի ելույթը: «Ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների»,- ասել էր Ծառուկյանը:
Այսնիքն՝ ԲՀԿ-ում իշխանափոխությունը հետեւյալ կերպ են պատկերացնում. իրենց ճնշման ներքո ՀՀԿ-ն համաձայնում է, եւ փոփոխություններ են կատարվում ՀՀ ընտրական օրենսգրքում, այնուհետեւ Սերժ Սարգսյանը ցրում է խորհրդարանը եւ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակում, որում ԲՀԿ-ն կհաղթի եւ կառավարություն կձեւավորի: Իշխանափոխության այս եւ մնացած բոլոր հնարավոր սցենարներում գործող «անձը» ԲՀԿ-ն է, ուստի ոչ իշխանական եռյակի մյուս երկու կուսակցությունների գործոնը նույնիսկ տեսական քննարկումներում ներառելը կնշանակի կտրվել իրականությունից:
Ինչեւէ, մի պահ ընդունենք, որ ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին հաջողվում է սարսափահար անել Սերժ Սարգսյանին, եւ վերջինս համաձայնում է փոխել ԸՕ-ն եւ նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններ: Իսկ ինչպես պետք է նա դա անի: Խորհրդարանը ցրելու դեպքերը եւ հիմքերը շարադրված են ՀՀ սահմանադրության 74.1-րդ հոդվածում. «Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավել չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավել իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»:
ԱԺ-ն ցրելու տարբերակներից մեկի իրագործման համար, ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո անհրաժեշտ է լինելու, որ գործող կառավարությունը հրաժարական ներկայացնի, Սերժ Սարգսյանը նոր վարչապետ նշանակի, վերջինս իր կառավարությունը ձեւավորի եւ ծրագիրը ներկայացնի ԱԺ, ու այն երկու ամսում երկու անգամ անընդմեջ չհաստատվի:
Խորհրդարանը լուծարելու մյուս տարբերակների գործելու համար անհրաժեշտ է, որ ԱԺ-ն անգործության մատնվի, հերթական նստաշրջանի երեք ամիսների ընթացքում պետք է նիստեր չգումարի եւ որոշումներ չկայացնի: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ մինչ ցրվելը Աժ-ն պետք է փոխի ԸՕ-ն, ստացվում է, որ անգործության հիմքով խորհրդարանը ցրելու «սուրբ» գործն ամենաարագացված սցենարով անգամ եկող տարվա ամռանից շուտ տեխնիկապես անհնար է իրագործել: Բանն այն է, որ աշնանային այս նստաշրջանի ավարտին ընդամենը երկու քառօրյա է մնացել: Եթե իշխանությունները սարսափած «հանձնվում են» եւ ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելով՝ փոխում ԸՕ-ն, ապա միեւնույն է՝ խորհրդարանը ցրելու համար անհրաժեշտ է սպասել, որպեսզի մեկ ամբողջական նստաշրջան անցնի:
Ի դեպ, երբեմն, իբրեւ ԱԺ-ն ցրելու տարբերակ, ներկայացվում է ոչ իշխանականների մանդատները միասնաբար վայր դնելը: Թյուր կարծիք կա, թե իբր այդպիսով սահմանադրական ճգնաժամ կստեղծվի, եւ խորհրդարանն անմիջապես կլուծարվի: Իրականում ԱԺ-ն անգործության հիմքով ցրելու տարբերակը հենց նման դեպքերի համար է նախատեսված: Դրա համար անհրաժեշտ է, որ մանդատների վայր դնելուց հետո խորհրդարանում մնացած պատգամավորների թիվը քվորում չապահովի, օրենսդիրի բնականոն գործունեությունը խաթարվի, իսկ օրենքներ ընդունելն ու որոշումներ կայացնելը դառնան անհնար: Գործող ԱԺ-ում ոչ իշխանականների թիվը բավարար չէ նման իրավիճակ ստեղծելու համար: Մյուս կողմից, եթե անգամ Սերժ Սարգսյանի հրահանգով ՀՀԿ-ականներն էլ իրենց մանդատները վայր դնեն, ապա, միեւնույն է, ԱԺ-ի անգործությունն արձանագրելու եւ այդ հիմքով խորհրդարանը ցրելու համար հարկավոր է սպասել մեկ ամբողջական նստաշրջան` խորհրդարանի անգործությունն արձանագրելու համար:
Իրականում իրադարձությունների այնպիսի ընթացքը, որը կհանգեցնի խորհրդարանի լուծարմանը, ավելի շուտ հնդկական ֆիլմի սցենար է հիշեցնում:
Կասկածից վեր է, որ ԲՀԿ ղեկավար կազմը շատ լավ գիտակցում է, որ Սերժ Սարգսյանին չի կարող ԱԺ արտահերթ ընտրություններ պարտադրել: Ավելին՝ եթե ԲՀԿ-ի` իշխանություններին հակադրվելն իրական է, ապա նրանց հաջողության հասնելու դեպքում Սերժ Սարգսյանը «անգլիական թագուհու» դերում կհայտնվի: Ուստի գործընթացի իրական լինելու դեպքում իշխանությունները վաղուց իրենց հարազատ մեթոդներով սկսած կլինեին ԲՀԿ-ի թեւերը կտրելու գործը: Իսկ թե ո՞րն է ոչ իշխանական եռյակի իրական նպատակը, ինչպես սիրում է ասել ԲՀԿ առաջնորդը` «այդ մասին` հաջորդ դասին»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԱՎԵԼԻ ԿՈՆԿՐԵՏ Է
«Թե՛ Տիգրան Սարգսյանի եւ թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ էլ մենք մեր աշխատանքը կատարում էինք բնականոն կերպով, սակայն պետք է մի տարբերություն նշեմ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ կոնկրետ ոլորտների ուղղությամբ աշխատելն ավելի ակնհայտ է դարձել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւս մեզ հետ զրույցում նույն կարծիքը հայտնեց. «Մեր գործունեության ոլորտն այնպիսին է, որ պետք է կառավարության հետ համագործակցության եզրերը խորացնենք: Պետք է ասեմ, որ երկու վարչապետների օրոք էլ հեշտ ենք աշխատել: Տիգրան Սարգսյանի հետ էլ էինք կարողանում հեշտությամբ աշխատել, Հովիկ Աբրահամյանի եւ իր կառավարության հետ էլ»,- նշեց Արագածոտնի մարզպետը:

 

ՀՐԱՆՈՒՇ` «ՍԱՄԻՅ ԿՐՈՒՏՈՅ»
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, այդ թվում եւ` սփյուռքի նախարարությանը հատկացվելիք գումարների հարցը: Համատեղ նիստին, սակայն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չէր ներկայացել, ոչ էլ իր տեղակալներից որեւէ մեկին էր ուղարկել: Իհարկե, աշխատանքային օրվա ավարտին նա, ի վերջո, ժամանեց ԱԺ եւ մասնակցեց նիստի ավարտին, բայց, դե, սփյուռքի նախարարության պես հզոր կառույցի հզոր, կարելի ասել նույնիսկ՝ «ամենակրուտոյ» նախարարը կարող էր նաեւ չներկայանալ: Ասենք՝ ինչպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երբեք չեն ներկայանում: Բայց, դե, նրանք, այնուամենայնիվ, գոնե իրենց տեղակալներին ուղարկում են:

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԳԱԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ Իրաքից Վրաստան գաղթած եզդիների մի քանի ընտանիք փաստաթղթեր չունենալու պատճառով չի կարողանում մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում այս հարցով կրկին դիմելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: «Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան: Հիմա նրանք Վրաստանում՝ տարբեր մարդկանց բնակարաններում են ապրում: Արտգործնախարարը հայտարարել է, որ պատրաստ է օգնել անելանելի վիճակում հայտնված ընտանիքներին: Բայց միաժամանակ նա պահանջում է փաստաթղթեր ներկայացնել: Կարծում եմ, որ նրանք փաստաթուղթ ունենալու դեպքում չէին դիմի ԱԳՆ, եւ նախարարի օգնությունն էլ նրանց պետք չէր գա»,-նկատեց Թամոյանը: Ըստ նրա՝ այս հարցով ինքը տասն օր առաջ նամակ է գրել Սերժ Սարգսյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԻԼԻԱՐԴԱՆՈՑ
Որպեսզի Հայաստանի բոլոր դպրոցները միանգամից արդիականանան, անհրաժեշտ է մեկ միլիարդ դրամ: Երեկ խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին:

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ
Ինչո՞ւ են որոշել Արարատի մարզին հանրակրթական դպրոցներում սոցիալապես անապահով երեխաների համար սննդի հատկացման եւ դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար ավելի շատ գումար փոխանցել, քան մյուս մարզերին միասին վերցրած: Դա Հովիկ Աբրահամյանի հետ կապ ունի՞: 2015 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այս հարցին պատասխանելով` ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասել է. «Արարատի շրջանում գումարների տարբերությունը պայմանավորված է աշակերտների թվով: Արարատի մարզում 14 062 աշակերտի թվով է պլանավորված, Սյունքիում՝ 6097, Վայոց ձորում՝ 2583: Այս ծրագիրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ որեւէ առնչություն չունի: Սա պիլոտային ծրագիր է եւ ընդգրկելու է նաեւ մյուս մարզերը՝ ուղղակի հաջորդականությունն այսպես է նախատեսված»:

 

ՈԳԵՎՈՐՎԱԾ Է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է. «Ես ոգեւորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում են հակամարտությունը դադարեցնել բանակցային ճանապարհով: Նրանք միմյանց հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, եւ որ հայերի ու ադրբեջանցիների միջեւ առկա թշնամանքը պետք է իր տեղը զիջի համագործակցության նոր ժամանակաշրջանին»:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկաստիճան դատական համակարգին անցնելու հեռանկարին եւ դրա արդյունքում իր անխուսափելի հրաժարականին` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ, բնականաբար, նախ իր անհամաձայնությունն է հայտնել, ապա եւ նշել է, թե շուրջ 7 տարի է՝ վճռաբեկ դատարանի նախագահն է եւ տարին մեկ կամ մի քանի անգամ լսում է իր հրաժարականի մասին լուրերը. «Գիտեք՝ մեր գործն ընդհանրապես արդարադատություն իրականացնելն է: Ոչ թե անդրադարձ պետք է լինի մամուլի այդ հրապարակումներին կամ այս կամ այն բամբասանքներին, մեր գործը նախադեպային իրավունքի մշակումն է»:

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԹԱՐ
«Հայաստանի դեսպանատան Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 3-ի առավոտյան Մոսկվայի Չերկիզովյան նրբանցքում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկության գիծ եւ բախվել Մոսկվայի ՃՈ պետավտոտեսչության BMW մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Ռուսական մամուլն առայժմ չի հաղորդում, թե որն է եղել վթարի պատճառը՝ արդյոք վարորդի անսթափությո՞ւնը, թե՞ եղանակային պայմանները:

 

 




Լրահոս