ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ Է ԱՆՈՒՄ

«Վիկիլիքսի» միջոցով հանրության դատին հանձնված այս փաստաթուղթը պատմում է ԱՄՆ Պետքարտուղարի նախկին օգնական Դենիել Ֆրեյդի եւ Սերժ Սարգսյանի՝ 2005թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպման մասին: Զեկուցագիրը հեղինակել է հանդիպմանը մասնակցած ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Թեպետ ԱՄՆ Պետդեպին ուղղարկված փաստաթուղթը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու տարիներին, այդուհանդերձ, բավականին ուշագրավ մանրամասներ է պարունակում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ամերիկացիներին դուր գալու համար, ըստ էության, հակառուսական շեշտադրումներ պարունակող ակնարկներ է հնչեցրել:

Ամերիկացի դիվանագետը նկատել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին երբեք չի ընկալել որպես իր եւ ՌԴ միջեւ մրցության առարկա: Ավելին՝ նրա կարծիքով, ամերիկյան կողմը Հայաստանին չի դիտարկել իբրեւ ՌԴ հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար հատուկ գին վճարող երկիր: Դիվանագետի համոզմամբ՝ Հայաստանը միայն կշահի, եթե լավ հարաբերություններ պահպանի Մոսկվայի հետ: Ֆրեյդը պնդում է, որ ԱՄՆ-ի համար շահավետ կլինի, եթե Հայաստանը հաջողի՝ չթուլացնելով իր կապերը Ռուսաստանի հետ: ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականն անգամ նշել է, թե Հայաստանի առաջընթացը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի համար, որպեսզի վերջինս էլ բարելավի իր դրությունը եւ կանգնի ժողովրդավարական ճանապարհի վրա: Ըստ էության, դիվանագիտական այս հնարքով Ֆրեյդը հստակեցնում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական պետություն չէ: Ավելին՝ նա մատնանշում է այն հավանականությունը, որ Հայաստանը կարող է իր արժեհամակարգով հեռանալ Ռուսաստանից: Դժվար չէ գլխի ընկնել, որ եթե արժեհամակարգային տեսնակյունից Հայաստանի ու Ռուսաստանի կապը կտրվի, ապա տնտեսական ներկայիս կախվածությունը եւս երկար չի տեւի: Արդ, այս հանգամանքը հաշվի առնելով է Ռուսաստանն աջակցում Հայաստանում հակաժողովրդավարական ընտրություններին ու իշխանության բռնազավթմանը:
Սերժ Սարգսյանը, հավատարիմ իր էությանն ու բնավորությանը, զրույցն արժեհամակարգային հիմնադրույթներից տեղափոխել է տնտեսական հարթություն: Նրա խոսքով` Հայաստանը մեծ հնարավորություններ չունի, քանզի «երկիր է, որը ունի միայն մեկ գազամուղ եւ ստիպված է իր բոլոր որոշումները կայացնել՝ այդ գազամուղը սեփական մտքում ունենալով»: Սարգսյանն ակնհայտորեն հակառուսական շեշտադրում է կատարում՝ ակնարկելով, որ Հայաստանը Ռուսաստանին է ենթարկվում նրա կողմից գազամուղը փակելու սպառնալիքի պայմաններում: Մի կողմ թողնելով իրանական գազամուղի այլընտրանքը, որը Սերժ Սարգսյանի իշխանությունը համառորեն չի ուզում տեսնել, կարող ենք եզրակացնել, որ Ռուսաստանի հետ կապված Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակելիս, այդ թվում եւ` սեպտեմբերի 3-ի որոշումն ընդունելիս, Սարգսյանը մտքում գազամուղն է ունեցել:
Դենիել Ֆրեյդը նաեւ անդրադարձել է այն պնդումներին, թե իբր ԱՄՆ-ն իրականացնում է տրոցկիստական քաղաքականություն՝ հովանավորելով տարաբնույթ հեղափոխություններն աշխարհում: Նա այդ մեղադրանքները համարել է անլուրջ՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր են խաղաղ ռեֆորմներն ու սահուն փոփոխությունները, ինչի նպատակով էլ աջակցություն են ցույց տվել նույն ժամանակաշրջանում Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխություններին: Այսպիսով՝ փաստելի է, որ Քոչարյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունները միանշանակ ընդունելի էին թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան կենտրոնների համար: Հատկանշական է, որ ներկայումս ընթացող փոփոխություններին միջազգային մակարդակով դեռ հավանություն չի տրվել՝ չհաշված Վենետիկի հանձնաժողովի ոչ միանշանակ եզրակացությունը: Արդ, ենթադրելի է, որ մեծամասամբ արտաքին կենտրոնների որդեգրած մոտեցումից է կախված, թե որքանով կհաջողվեն Սարգսյանի գենսեկության ծրագրերը:
Անցում կատարելով հայ-թուրքական հիմնախնդրին՝ Ֆրեյդն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ փոփոխվում է, եւ այն, որ այս երկիրը մտածում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, արդեն իսկ մեծ առաջընթաց է: Փաստորեն, ամերիկյան կողմի այսօրինակ հորդորներն էլ են հարուցիչ եղել Սարգսյանի՝ տապալված «ֆուտբոլային դիվանագիտության» համար, ով հավատացել էր, թե Թուրքիան այնքան է «փոխվել», որ իրեն չի խաբի ու սահմանները կբացի: Ի դեպ, այս կապակցությամբ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նկատել է, թե «Հայաստանի բարգավաճումն ու զրագացումը, վերջիվերջո, կախված է Թուրքիայի հետ սահմանների բացումից, որը մեզ կդարձնի երեք անգամ ավելի ազատ, քան կանք այժմ»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է, ՈՐ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱՆ

ՀՀ Լոռու մարզի Անտառաշեն համայնքում առաջիկայում ավագանու անդամի արտահերթ ընտրություններ տեղի կունենան, քանի որ ավագանու ընտրված 5 անդամներից երեքի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:

Անցած տարվա փետրվարի 15-ին վաղաժամկետ դադարեցվել են Անտառաշենի ավագանու անդամ Արարատ Ասլանյանի, այս տարի` օգոստոսի 12-ին՝ Արմեն Ղումաշյանի լիազորությունները: Անտառաշենի ներկայիս գյուղապետ Ռաֆիկ Խառատյանը նույնպես, մինչեւ գյուղապետ դառնալը, ավագանու անդամ է եղել: Ստորեւ ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը Անտառաշենի ՀՀԿ-ական գյուղապետ Ռաֆիկ Խառատյանի հետ:
-Պարո՛ն Խառատյան, ինչո՞ւ են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների լիազորությունները:
-Արմեն Ղումաշյանը գնաց Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Չէր կարողանում այստեղ ապրել: Իսկ մյուս անդամը՝ Արարատ Ասլանյանը, ընդունվեց գյուղապետարան՝ աշխատանքի՝ որպես վարորդ: Ես երբ ընտրվեցի համայնքի ղեկավար, այլեւս չէի կարող միաժամանակ ավագանու անդամ լինել, այս պատճառով իմ լիազորություններն էլ դադարեցվեցին:
-Այս պահին ավագանու ադամի քանի՞ թեկնածու կա առաջադրված:
-Վեցն են:
-Նրանք ո՞ր կուսակցության անդամներ են:
-Նրանցից միայն մեկն է, որ Հանրապետական կուսակցության անդամ է: Իսկ մյուսները մտադիր են ընտրվելուց հետո դառնալ ՀՀԿ-ական: Ոչ ոք չի ցանկանում ավագանու անդամ դառնալ, քանի որ աշխատավարձ չեն ստանում: Ես էլ ընկած տներով մարդկանց համոզում եմ, որ գան, առաջադրեն իրենց թեկնածությունը:
-Համոզվո՞ւմ են:
-Միայն հիսուն անց մարդիկ: Իսկ ջահելները՝ ոչ: Նրանք գնում են Ռուսաստան՝ աշխատելու: Բայց ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել: Չէ որ, եթե ավագանու անդամները բացակայեն, ապա նիստ չի լինի, իսկ գյուղի աշխատանքն էլ կպարալիզացվի: Դրա համար էլ մի քանիսին համոզեցի, որ առաջադրեն իրենց թեկնածությունը: Հրաժարվում էին, որովհետեւ աշխատավարձ չկա: Խնդրեցի, բացատրեցի, որ դա շատ կարեւոր է գյուղի զարգացման համար: Հասկացան ու առաջադրեցին իրենց թեկնածությունը:
-Պարո՛ն Խառատյան, Անտառաշենում տեւական ժամանակ է, ինչ դպրոց չկա: Որտե՞ղ են գյուղի աշակերտները հաճախում դպրոց:
-Հարեւան Լերմոնտովո գյուղ: Ինչ անենք, մարդ չկա գյուղում: Բնակիչները հեռանում են, դրա համար էլ աշակերտ չկա, թվով քիչ են:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ՓՈՔՐ ՀԷԿ-Ի ՄԵԾ ՎՆԱՍԸ
Տավուշի մարզի Աղավնավանք գյուղը գտնվում է Դիլիջանի տարածաշրջանից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհի հարեւանությամբ: Նախկինում ադրբեջանաբնակ այս գյուղն այժմ ունի շուրջ 300 բնակիչ, որոնք Ադրբեջանի Վարդաշենի, Շամխորի եւ այլ շրջաններից բռնագաղթածներ են: Մի քանի տարի առաջ երեւանցիները գեղեցիկ բնություն ունեցող Աղավնավանքում ամառանոցներ են գնել եւ շքեղ վերանորոգել: Ներկայումս, սակայն, Աղավնավանքի բնությամբ նոր հրապուրվողներ չկան: Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը հայտնեց, որ երեւանցիներն այլեւս գյուղում նոր ամառանոցներ չեն գնում:
Նախկինում Աղավնավանքի դպրոցում օտար լեզու եւ հասարակագիտություն դասավանդած Վարդան Գրիգորյանն այս տարվա մարտի 9-ին ընտրվել է համայնքի ղեկավար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով Աղավնավանքում՝ Գետիկ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ին` գյուղապետը նշեց, որ փոքր հիդրոէլեկտրակայանն արդեն կառուցված է եղել մինչ իր` համայնքապետի պաշտոնը ստանձնելը: Այն կառուցել է «Էյ-Էն-ԴԻ-Ջի սթայլ» ընկերությունը: Ի դեպ, ՓՀԷԿ-ի աշխատակիցների մեջ միայն մեկ աղավնավանքցի կա: Ընկերությունն Աղավնավանքի համայնքապետարանի հետ համայնքային նշանակության հողերի վարձակալության պայմանագիր ունի, որի համաձայն տարեկան 132 հազար դրամ վարձակալության գումար է մուծում համայնքային բյուջե: Նշենք, որ Աղավնավանքի տարեկան բյուջեն փոքր է՝ 4 միլիոն 900 հազար դրամ, որից 3,5 միլիոնը կազմում է պետական լրավճարը: Գյուղապետը չգիտի, թե որքան է կազմում փոքր ՀԷԿ-ի հզորությունը, եւ այն որքան էլեկտրաէներգիա է արտադրում: Վարդան Գրիգորյանն ասաց, որ նախկինում փոքր ՀԷԿ-ը ղեկավարում էր դրա բաժնետերերից Նիկոլայ Գրիգորյանը, իսկ թե ով է ձեռնարկության ներկայիս տնօրենը` նա տեղյակ չէր: Վ. Գրիգորյանը հայտնեց, որ ՓՀԷԿ-ի խողովակաշարն անցկացնելիս քանդել էին համայնքի կենտրոնական ճանապարհը, ինքն այդ կապակցությամբ խնդրել է Նիկոլայ Գրիգորյանին, եւ ճանապարհը հարթեցվել է: Գյուղապետի խոսքով՝ ՓՀԷԿ-ի` Գետիկից ջուր վերցնելու հետեւանքով այս տարվա ամռանը գետում ջուրը խիստ պակասել էր: Արդյունքում` լուրջ խնդիրներ ծագեցին գյուղի հողերի ոռոգման հետ կապված:
Դեռեւս անցյալ տարի «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աղավնավանքի նախկին գյուղապետ Վարդուշ Ներսիսյանն ասել էր, որ դիմելու է փոքր ՀԷԿ-ի սեփականատերերին, որպեսզի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից ձրի կամ կես գնով մատակարարվի 100 տուն ունեցող Աղավնավանքին: Ներկայիս գյուղապետը, սակայն, հայտնեց, որ փոքր ՀԷԿ-ից գյուղին ձրի կամ զեղչով հոսանք չի մատակարարվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս