ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՆՐ ԲԵՌԸ՝ ՍԱՀՄԱՆԻՆ
Աստիճանաբար ավելանում է Տավուշի մարզից Հայաստանի պետական բյուջե հավաքագրվող հարկերի գումարի ծավալը, որը ամսական հարյուրավոր միլիոն դրամ է կազմում: Տավուշի տարածքային հարկային տեսչությունը կատարում է «պլանը»: Ինչպես հայտնի է` սահմանամերձ մարզում մեծ ձեռնարկություններ գրեթե չկան, ուստի հարկային բեռն ընկնում է փոքր ձեռնարկությունների վրա, որոնք ստիպված են «ձգել գոտիները»: Մարզի խոշոր հարկատուները՝ Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը, Հաղարծին գյուղի տարածքում գործող, բետոն արտադրող «Ֆլիշինը», Դիլիջանի միջազգային դպրոցը գրանցված են խոշոր հարկատուների վարչությունում եւ Երեւանում են հարկ մուծում: Տավուշի մարզում կատարվող խոշոր ծրագրերը, օրինակ՝ Նոյեմբերյանում, Բերդում խմելու ջրագծերի նորոգման աշխատանքները, Դիլիջան քաղաքում շինարարական տարբեր աշխատանքները, այժմ նաեւ՝ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը, իրականացնում են ոչ թե Տավուշի մարզում, այլ «դրսում» գրանցված, Հայաստանի այլ տարածքներում հարկ վճարող ընկերությունները:
Հայաստանի հեռավոր սահմանին՝ ադրբեջանական նշանառության տակ գտնվող Չինարիում, Կոթիում, Բերքաբերում աշխատող փոքր կրպակները բարեխղճորեն հարկ են մուծում իրենց կատարած «նիսյա» առեւտրից, մինչդեռ Հայաստանի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի բուֆետը հարկային դաշտից դուրս է: Իսկ իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորները շարունակում են ԱԺ ամբիոնից ճառել Հայաստանի սահմանագոտու հանդեպ պետական հոգածության անհրաժեշտության մասին, սակայն սահմանագոտու բնակիչների հոգսն իրապես թեթեւացնող օրենսդրական նախաձեռնություններին այդպես էլ ընթացք չեն տալիս:

 

ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵՆ
Օրերս ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Իջեւանի քաղաքապետարանի տարածքային զարգացման եւ քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Համլետ Հարությունյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով («Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ՝ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը»): Քրեական գործը քննվում է Տավուշի մարզային քննչական վարչությունում: Վերոհիշյալ քրեական հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձանց, մինչդեռ քաղաքապետարանի աշխատակից Համլետ Հարությունյանը պաշտոնատար անձ չի համարվում: Ներկայումս քննությունն ընթացքի մեջ է, պետք է ճշտվեն պաշտոնատար որոշ անձանց պաշտոնի անձնագրերում նշված պարտականությունները եւ իրավասությունները: Մեր տեղեկություններով՝ սույն գործը հարուցվել է Իջեւանի «փոստի թաղում» մի կառույցի շինարարության կապակցությամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 
ԿՆԵՐԵ՞Ն ՊԱՐՏՔԻ ՄԻ ՄԱՍԸ
Ամառվա ընթացքում Շիրակի մարզում տեղացած կարկուտի պատճառով գյուղացիների բերքի հիմնական մասը ոչնչացվեց: Կան համայնքներ, որտեղ ցանքատարածություններն ավերվեցին 100 տոկոսով:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանն անձամբ այցելեցին կարկտահարված տարածքներ, ծանոթացան կորուստների չափերին: Աբրահամյանի` գյուղացիներին օգնելու խոստումներից հետո գործադիրն այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկեց: Հաշվի առնելով վնասի մեծ չափը՝ որոշվեց գյուղացուն նախորդ տարիներին տրամադրված սերմնացուների՝ հետ վերադարձնելիք գումարների մասին խոսել 2015 թվականի կեսերին:
Շիրակի մարզի որոշ գյուղացիական տնտեսություններ դեռեւս 2013 թվականին ստացել էին աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: 2014 թվականի բերքահավաքից հետո գյուղացին ստացված բերքից 1-ը երկուսի հարաբերակցությամբ պետք է պետությանը հետ վերադարձներ: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացանք, որ «հաշվի առնելով գյուղացու ծանր վիճակը՝ եկող տարի քննարկումներից հետո միայն կորոշվի՝ արդյո՞ք հետ վերադարձվելիք գումարի չափը նույնն է մնալու, թե հօգուտ գյուղացու զեղչեր են արվելու»:
Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ այս տարի կարկտահարված համայնքներին գարնանացանի համար անվճար հացահատիկի սերմացուներ կտրամադրվեն: Սերմացուները ներմուծվել են Ռուսաստանի Դաշնությունից եւ էլիտար տեսակի են: Ներկա պահին դրանք ներկրվում են Շիրակի մարզ՝ համայնքներին տրամադրելու նպատակով: Միջին հաշվով 1հա-ի համար տրվելու է 40-50կգ փոխհատուցում:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Շիրակի մարզում կարկտահարությունից տուժել էր շուրջ 40 համայնք:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԱՍԱՐ Է
2015թ. կրթության ոլորտին տրամադրվելու է 127 մլն 600 հազար, որը գրեթե հավասար է 2014թ. հատկացված գումարին: Այս մասին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Փոխնախարարի խոսքով՝ ընթացիկ ծախսերը 109 մլրդ դրամ են կազմել, իսկ հաջորդ տարի նախատեսված է 120 մլրդ դրամ: Հանրակրթության ոլորտին հատկացված գումարն ավել է 4,1 մլրդ դրամով, որը պայմանավորված է հիմնականում աշխատավարձերի բարձրացմամբ: 2015թ. մշակույթի նախարարությանը կտրամադրեն 13 մլրդ 393 միլոն դրամ: Այն ավելացել է 14,4 %-ով: Գումարը նախատեսվում է ծախսել գրադարանների, ցուցասրահների, մշակութային տների, կինոմատոգրաֆիայի ծրագրերի եւ այլ մշակութային ոլորտում իրականացվող ծախսերի համար: Այն պայմանավորված է աշխատավարձերի ավելացումով եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:

 




Լրահոս