ՀԱՐՑ. Քրոջս տղան՝ Նորիկ Քամալյանը, բնակվում է Ֆրանսիայում: Հիմա նա պատրաստվում է ամուսնանալ ու պետք է ամուսնության բացակայության եւ սովորույթների վերաբերյալ տեղեկանք ձեռք բերի: Նա, լինելով ՀՀ քաղաքացի, Ֆրանսիայում ամուսնություն գրանցելիս ինչպե՞ս կարող է ձեռք բերել այդ տեղեկանքը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն տրամադրվում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրված ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ (ձեւ 1) տեղեկանքի հիման վրա, որի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ՝
• դիմում,
• վավեր ՀՀ անձնագիրը (բնօրինակ եւ 2-5-րդ էջերի պատճենը),
• պետական տուրք` 29 եվրո (վճարվում է ՀՀ դեսպանության անունով բանկային չեկով):
Փոստով ուղարկելիս անհրաժեշտ է ուղարկել նշված փաստաթղթերի պատճենները եւ պատվիրված ծրար տեղեկանքը ուղարկելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ (ձեւ 1) տեղեկանքը կարելի է ձեռք բերել 2 եղանակով` լիազորագրով (ծնողների դեպքում լիազորագիր անհրաժեշտ չէ) եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հարցման միջոցով: Հարցման հիման վրա տրված տեղեկանքի համար սահմանված է պետտուրք` 48 եվրո:
Երկու դեպքում էլ անհրաժեշտ է ստորագրել հայտարարություն ամուսնության բացակայության վերաբերյալ, որը քաղաքացու կողմից ստորագրվում է դեսպանությունում եւ հաստատվում հյուպատոսի կողմից:
Հայտարարությունը ստորագրելու համար անհրաժեշտ է`
• վավեր ՀՀ անձնագիր (բնօրինակ եւ 2-5-րդ էջերի պատճենը),
• Ֆրանսիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ պատճենը),
• պետական տուրքի վճարում ՀՀ դեսպանության անունով բանկային չեկով (13 եվրո):
Հայտարարությունը ստորագրելիս քաղաքացու ներկայությունը պարտադիր է:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նորիկ Քամալյանին ոչինչ չի մնում, քան ծանոթանալ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան պարզաբանմանը եւ ճշգրտորեն կատարել վերջինիս պահանջները: