Armlur.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվեց հոկտեմբերի 29-ին Գյումրիում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության մեղադրանքով հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել` մեկ ուրիշին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Դատարանը բավարարել է Ա. Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը, և հայտարարվել է հետախուզում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: