Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում ներկա է գտնվել շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական «Տաշիր» մրցաշարին: Սերժ Սարգսյանը, ով նաև հուշամրցաշարի կազմակերպական կոմիտեի նախագահն է, ողջունել է միջազգային մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին ու Մոսկվայի «Նովոթել» հյուրանոցում նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային խաղում կատարել առաջին քայլը:
Հուշամրցաշարը կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:
Սերժ Սարգսյանը կազմակերպիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել միջոցառման վայրում, այցելել է մամուլի ասուլիսների անցկացման և պաշտոնական հյուրերի ընդունելության սրահներ, դիտել Տիգրան Պետրոսյանին նվիրված ցուցադրանյութերը: ՀՀ Նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ Հայաստանի դպրոցականների ուժեղագույն թիմը կմասնակցի «Բելայա Լադյա» հեղինակավոր մրցաշարին: