Այսօր ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երկրորդ նիստում ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովը քննարկել ու հաստատել է երեք մշտական հանձնաժողովների գործունեության ոլորտներին առնչվող զեկույցներ ու առաջարկություններ` ՍԾՏՀ անդամ երկրների հարկային համակարգի կատարելագործման, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործման, կրթական համակարգի ու երեխաների պաշտպանության խնդիրների վերաբերյալ:
Պատգամավորները նաև հաստատել են Ստամբուլում և Թբիլիսիում քննարկված մի շարք փոփոխություններ ու լրացումներ, այդ թվում` վեհաժողովի ղեկավար կազմի ընտրության կարգի վերաբերյալ: ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Կիրիլո Տրետյակը ներդրման ու վեհաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագրով է պարգևատրել ԽՎ նախագահի տեղակալ Արեգ Ղուկասյանին: Վերջինս շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի ու համագործակցության համար, իր գործընկերներին հետագայում ևս մաղթել է արդյունավետ աշխատանք: 39-րդ լիագումար նիստի աշխատանքներն ամփոփելով` Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցել է Ադրբեջանին. խորհրդանշական մուրճը Արեգ Ղուկասյանը հանձնել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիևին: ՍԾՏՀ ԽՎ աշնանային` 40-րդ նիստը կկայանա այս տարվա նոյեմբերի 21-22-ին Բաքվում: