«Պատվի համար» երեխաներին սպանել փորձող մայրը շուտով ազատության մեջ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցած ընտանեկան հերթական ողբերգությունը ցնցել էր բոլորին: 27-ամյա Քրիստինեն մկնդեղի միջոցով փորձել էր սպանել իր երկու անչափահաս երեխաներին, ապա ինքնասպանության փորձ էր կատարել:

Բարեբախտաբար, թե՛ իր և թե՛ երեխաների կյանքը հաջողվել էր փրկել: Նման քայլի դիմելուց հետո կինն այդ մասին հեռախոսով հայտնել էր իր հարսին, որն էլ օգնության էր կանչել բնակարանի տիրուհուն:

Եվ միայն օգնության հասած հարևանների շնորհիվ կնոջն ու երեխաներին հաջողվել էր փրկել` արագ հասցնելով Վարդենիսի հիվանդանոց:

Հետագայում իր ցուցմունքում հարսը պատմել էր, որ Քրիստինեն հաղորդագրություն էր ուղարկել իր հեռախոսահամարին՝ գրելով.«Թամ ջան, մորս լավ կնայես, ես ձեզ սաղիդ շատ սիրում եմ, քուր ջան»:

Գործը քննելուց հետո, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 թվականի մայիսի 6-ի դատավճռով Քրիստինե Գալստյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 12 տարվա ազատազրկման:

2013թ. դեկտեմբերի 23-ին Վերաքննիչ դատարանը մեղմացրել էր պատիժը` Քրիստինե Գալստյանին մեղավոր ճանաչելով, բայց դատապարտելով արդեն 3 տարվա ազատազրկման: Դրանից հետո Քրիստինե Գալստյանը դիմել է նաև Վճռաբեկ ատյան, բայց դատարանը վերադարձրել է բողոքը: Այսպիսով, փաստորեն, վերջնական դատավճիռ է սահմանվել Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռը` Քրիստինե Գալստյանին իր ու երեխաների մահափորձի համար 3 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ:

Մեղադրական եզրակացությունից և դատարանի կողմից ապացուցված համարած հանգամանքներից Armlur.am-ը տեղեկանում է, որ առաջադրված մեղադրանքում Քրիստինե Գալստյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել, որ նման քայլի է դիմել՝ ամուսնու և սկեսրայրի կողմից պարբերաբար ճնշումների ենթարկվելու պատճառով: Կենցաղային հարցերի ու խանդի հողի վրա ամուսինն ու սկեսրայրն անընդհատ վիրավորել են իրեն, անբարոյական անվանել: Կինը նաև պատմել է, որ դեպքի օրը նախ ինքն է մկնդեղ խմել, իսկ երբ ամուսինը զանգահարել ու անբարո խոսքեր է ասել իրեն՝ մտածել է՝ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն և նույն հաբերից նաև երեխաներին է տվել:

Իսկ ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի: Մի քանի ամիս անց հայրը զանգահարել է որդուն ու պատմել, որ հարսը հայրական տանը մոր ծննդյան օրը նշելուց հետո խմած է վերադարձել: Հետո նաև պարզել է, թե Քրիստինեն «Օդնոկլասսնիկի» կայքի միջոցով կապի մեջ է եղել տարբեր տղամարդկանց հետ: 2012 թվականի հունիսի 10-ին Հայաստան վերադառնալով՝ ամուսինը չի կարողացել գտնել կնոջն ու երեխաներին: Եվ միայն 3 օր անց մամուլից տեղեկացել է, որ կինն ինքնասպան լինելու նպատակով մկնդեղ է խմել ու նույն դեղից խմեցրել նաև երեխաներին:

Քրիստինեն իր ցուցմունքներում ասել է, թե 4 տարվա հարս է եղել, սակայն չի իմացել, թե ամուսնական նորմալ կայնքն ինչ է կամ ոսկեղենն ինչ է (իրենց ամբողջ ոսկեղենը բանկերում է եղել): Վեճեր և կռիվներ են եղել, երբ ցանկացել է գնալ հայրական տուն, իսկ անհեթեթ խանդի առիթ է հանդիսացել որպես հարգված հարս «իրենց հորաքրոջ ամուսնուն» համբուրելը՝ ասել են, ինչու է հարսը համբուրում հորաքրոջ ամուսնուն: Մասնավորապես, սկեսրայրն իրեն անբարոյականի պիտակ է կպցրել, և երբ կրտսեր որդին երկու տարեկան է եղել, այդ ժամանակ էլ ինքը դեղահաբեր է խմել:

Քրիստինեի ամուսինն էլ հայտնել է, թե սոցիալական կայքից արտատպված փաստաթղթերի զննության արձանագրության համաձայն, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով Քրիստինեն սեռական և սեքսուալ բնույթի հաղորդագրություններ է ուղարկել և ստացել տարբեր անձանցից:

Ամեն դեպքում Քրիստինեն պատժի մեծ մասն արդեն կրել է: Մեկ տարի անց նա ազատության մեջ կլինի, և միայն այդ ժամանակ պարզ կդառնա՝ կյանքը վերսկսելու ինչպիսի քայլեր կձեռնարկի մայրը, ով սեփական երեխաների կյանքը պատրաստեր զոհել «պատվի համար»:




Լրահոս