Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ԱՄՆ կատարած այցի ընթացքում այցելել է Սթենֆորդի համալսարան և ուսանողների համար առաջնորդության մասին ելույթով հանդես եկել` անդրադառնալով նաև իր` Հայաստան կատարած այցին:
Նա նշել է, որ լավ առաջնորդը երբեմն պետք է ռիսկի դիմի և ինքն էլ իր գործունեության ընթացքում երբեմն ռիսկի դիմել է: Որպես ասվածի օրինակ նա նշել է Հայաստանի նախագահի հրավերով Երևան մեկնելու փաստը, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: “Վերջին 20 տարիների ընթացքում դիվանագիտական հարաբերությունները գրեթե չէինք ունեցել: Ընդհանուր պատմության շուրջ միմյանց հետ հակասություններ ունեցող երկու հարևան ժողովուրդների ղեկավարների համար այդ հրավերի նշանակությունը շատ մեծ էր”,- ասել է նա:
Գյուլի խոսքերով` ներքին քաղաքականության համար դա ռիսկային քայլ էր, արտաքին քաղաքական հարցերում էլ շատ խնդրահարույց արդյունքներ կարող էր ունենալ: “Երևան այցս թուրք նախագահի այց էր Հայաստան: Դրանով մենք մեր բարյացկամությունն էինք հայտնում, որ երկու ազգերի հարաբերությունները գոնե մի քիչ կարգավորվեին: Ես դեռ հույս ունեմ: Մեր փոխայցելությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն խորհրդանիշ էին դարձել: Անգամ եթե դա ռիսկային էր, սակայն ճիշտ քայլ էր”,- ասել է Գյուլը: