Հայաստանը Amnesty International-ի 2012-ի զեկույցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը Հայաստանի վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ երկրի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաքների արգելքը հանվել է և Հանրահավաքների մասին բարեփոխված օրենք է ընդունվել: Այնուամենայնիվ, մտահոգիչ է մնացել խաղաղ հավաքների ազատության իրավունքի գործնական կիրառման հարցը: Մտահոգիչ են մնացել նաև խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումներ ոստիկանական բաժիններում:
Ապա կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին դիտարկումներ են հայտնվում: Այսպես, հանրահավաքների առնչությամբ նշվում է, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մասշտաբային ցույցեր էր սկսել փետրվարին:
“Նրանք ժողովդավարական բարեփոխումների, 2008-ի հետընտրական ցույցերից հետո բանտարկված ընդդիմադիր ակտիվիստներին ազատ արձակելու և ոստիկանների ու ցուցարարների միջև բախման հետևանքով 10 զոհերի ու ավելի քան 250 վիրավորների գործով նոր հետաքննության կոչեր էին արել: Մայիսի 26-ին համաներում էր հայտարարվել 2008-ի ցույցերի առնչությամբ բանտարկված բոլոր մարդկանց համար: Ապրիլի 20-ին նախագահը կարգադրել էր նոր հետաքննություն անցկացնել դեպքերի ընթացքում 10 զոհերի գործով, սակայն տարվա վերջի դրությամբ այս մահերի առնչությամբ ոչ ոք արդարադատությանը չէր հանձնվել:
Եվրոպական խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը մայիսին զեկուցել էր խաղաղ հանրահավաքների իրավունքին ապօրինի և ոչ համապատասխան խոչընդոտումների մասին, ինչպիսիք են մասնակիցների ահաբեկումներն ու ձերբակալությունները, տրանսպորտային շարժի խաթարումները և որոշակի տեղերում հանրահավաքների ընդհանուր արգելումը: Վենետիկի հանձնաժողովը առանձնացնում է Օրենքով նախագահական նստավայրից, ազգային ժողովից և դատարաններից որոշակի հեռավորության վրա կազմակերպված հանրահավաքների ընդհանուր արգելումը, ցույցից առաջ 7-օրյա ծանուցման շրջանի արտասովոր երկար լինելը, և այն, որ սահմանադրական կարգի ուժով տապալում, ռասայական, էթնիկ կամ կրոնական ատելություն կամ բռնություն հրահրող հանրահավաքներն արգելող հոդվածները չափազանց ընդհանրական են”, – ասված է զեկույցում:Ինչ վերաբերում է խոշտանգումներին, ապա ՄԱԿ-ի Կամայական ազատազրկման գծով Աշխատանքային խումբը փետրվարին արձանագրել է, որ ոստիկանության բաժիններում ազատազրկվածներից կամ բանտարկվածներից շատերը ենթարկվել են վատ վերաբերմունքի և ծեծի: Ոստիկաններն ու քննիչները վատ վերաբերմունքի միջոցով խոստովանություն են կորզել, դատախազներն ու դատավորները հաճախ դատավարությունների ընթացքույմ հրաժարվել են ընդունել վատ վերաբերմունքի ապացույցները:Խոշտանգումներ մասին զգալի քանակությամբ փաստարկված մեղադրանքներ է ստացել նաև Խոշտանգումների կանխման Եվրոպական հանձնաժողովը օգոստոսին:
“Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել ստեղծելու Ազգային կանխարգելող մեխանիզմ՝ ազատազրկման վայրերի մոնիտորինգի անկախ մարմին ստեղծելու ուղղությամբ՝ Խոշտանգման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ Հայաստանի ստանձնած պարտականություններին համապատասխան: Օգոստոսի 9-ին 7 ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել՝ ոտիկանության հետ բախումից հետո, նրանց ծեծի ենթարկելու և նրանց հանդեպ վատ վերաբերմունքի մեղադրանքներ են եղել: Այս առնչությամբ հետաքննություն չի անցկացվել մինչև տարվա վերջ:Դեկտեմբերի դրությամբ 60 մարդ է ազատազրկված եղել՝ զինվորական ծառայությունը կատարելուց գիտակցաբար հրաժարվելու համար: Այլընտրանքային ծառայությունը մնացել է ռազմական վերահսկողության տակ”,- գրված է Amnesty International-ի զեկույցում:




Լրահոս