Որն է ՀՀԿ-ում փակ քննարկումների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը սկսել է նախապատրաստվել համապետական ընտրությունների: Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ գրեթե բոլոր կառույցներում այս օրերին ժողովներ են արվում, կառույցի անդամների հետ քննարկումներ են անցկացվում, ու այն մարդիկ, որոնք խորհրդարանական, նախագահական ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ ակտիվ են եղել՝ ձայն «բերելու» առումով, հրավիրվում են այդ ժողովներին: Մեծ ակտիվություն է սկսվել հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ ուսումնական հաստատություններում: Վերջին օրերին բազմաթիվ կրթօջախների մանկավարժական կոլեկտիվների տեղեկացնում են, որ առաջիկայում ընտրություններ են լինելու, որոնց անհրաժեշտ է պատրաստվել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների` ակտիվություն է նկատվում ոչ միայն Երեւանի ուսումնական հաստատություններում, այլեւ համատիրություններում, որոնց աշխատողներին թաղապետարաններից հրավիրում են մասնակցելու ընտրությունների վերաբերյալ քննարկումներին: Իսկ երեկ արդեն Երեւանի նախկին «Դերժինսկու», այժմ՝ «Ջոն Կիրակոսյանի» անվան դպրոցում տարբեր ուսումնական հաստատություններում աշխատող ՀՀԿ-ականների հետ մեծ հավաք է անցկացվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ հավաքը տեւել է մոտ 3 ժամ, որի ընթացքում «դասախոսություն» է կարդացվել այն մասին, թե ինչպես պետք է ընտրությունների ժամանակ գործել, եւ որոնք են կանոնները: «Դասախոսության» հեղինակները նշել են, թե իրենք պետք է նաեւ առաջիկայում լիազորագրեր ստանան՝ ընտրություններին մասնակցելու համար: Հավաքի մասնակիցները նաեւ ինչ-որ թերթիկներ են լրացրել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ-ականների հետ` պարզելու համար, թե ինչ ընտրությունների են նրանք նախապատրաստվում. արդյո՞ք խոսքը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին է, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչի պահանջով, հիշեցնենք, հանդես է գալիս ոչ իշխանական եռյակը:

ՀՀԿ կանանց խորհրդի եւ Երեւանի ՀՀԿ ավագանու անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

-Տիկի՛ն Նահապետյան, նախօրեին ՀՀԿ կանանց խորհուրդը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ի՞նչ եք քննարկել այդ հանդիպման ժամանակ:

-Կոնկրետ հարցեր չեն եղել, ուղղակի ընթացիկ ներկուսակցական հարցեր՝ կապված մեր կանանց խորհրդի հետ, կապված նրա հետ, թե ինչ աշխատանքներ ենք արել: Տարվա վերջն է արդեն, կարելի է ասել` ամփոփել ենք մեր կատարած աշխատանքները: Մենք նաեւ ողջունեցինք հղի կանանց հետ կապված օրինագծի փոփոխությունը, մենք էլ էինք ցանկանում, որ ինչ-որ կար, այդպես մնար, ու չաշխատող մայրերն էլ գումար ստանային: Նաեւ նշվեց, որ ինչքան հնարավոր է՝ կանանց խորհուրդը շատ հանդիպումներ ունենա: Ի դեպ, մարզային կառույցի ներկայացուցիչները եւս ներկա էին այդ հանդիպմանը: Ուղղակի վերջին ժամանակահատվածում շատ էինք ուզում հանդիպել, սակայն ծանրաբեռնվածության պատճառով չէինք կարողանում հանդիպել: Նախօրեին հնարավորություն եղավ, ու մոտ մեկ ժամ հանդիպեցինք ՀՀ վարչապետի հետ:

-Տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ում ընտրությունների հետ կապված ակտիվացում է սկսվել: Ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը, ինչի՞ն է նախապատրաստվում ՀՀԿ-ն: ՀՀ վարչապետի հետ հանդիպումը որեւէ կապ ունե՞ր այդ ընտրությունների հետ:

-Ինչպես կար մեր աշխատանքային վիճակը, այդպես էլ կա, տարվա վերջ է, կատարված աշխատանքների հետ կապված ներկայացվում է ամփոփումը: Այսինքն՝ ծրագրային հանդիպումներ են, այստեղ որեւէ ակտիվացում չկա: Ընդհանրապես ձեր կողմից նշված ընտրությունների հետ կապված խոսակցություն չի էլ եղել: Ընթացիկ աշխատանքային պրոցեսներ են, 2014 թվականին ինչ-որ նախատեսված է եղել, դրա ներկայացումն ենք արել: Ակտիվացում, ինչ-որ նորություն, նման բան չկա: Դա մեր բնականոն աշխատանքն է, մեր հանդիպումներն են, մեր գործերի մասին տեղեկացումն է: Անգամ սահմանադրական բարեփոխումների հետ կապված հարց չի եղել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

-Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում, ի՞նչ ընտրությունների եք նախապատրաստվում, որի համար հանդիպումներ, քննարկումներ եք ունենում:

-Ես նման բան չգիտեմ, առաջին անգամ Ձեզանից եմ նման բան լսում: Ես շրջանային կուսակցական կառույցի ղեկավար եմ, նման բան չկա, մենք մեր սովորական գործունեությամբ ենք զբաղվում: Թե լրացուցիչ ինչ ակտիվացումներ են, ես չեմ կարող ասել, որովհետեւ տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում:

-Իսկ ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում հանրաքվեին:

-Սահմանադրական հանրաքվեին պատրաստվելը ո՞րն է, դեռ քննարկումներ չեն եղել, երբ որ որոշվեցին կոնկրետ ժամկետները, բնական է, որ կպատրաստվի, ինչի՞ չպետք է պատրաստվի:

-Իսկ գուցե ՀՀԿ-ն արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների՞ է նախապատրաստվում:

-Ո՛չ, արտահերթ ընտրությունների հաստատ չենք նախապատրաստվում, նման բան չկա: Ես Ձեր ասած ակտիվությունը չեմ նկատում, քանի որ մեր սովորական գործընթացներն են, եթե ինչ-որ տեղ ժողով, քննարկում անելն ակտիվություն է նշանակում, դա ինձ համար զարմանալի է, որովհետեւ մենք պարբերաբար նման ժողովներ անում ենք, որը մեր կանոնադրությունից բխող հարց է: Որեւէ արտառոց բան չկա:

Հ. Գ. Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ «Ջոն Կիրակոսյանի» անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս