“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը:
Հայտարարության մեջ ասվում է.
“Սիրելի հայրենակիցներ,
Քույրեր, եղբայրներ,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ,Բարգավաճ Հայաստանըե ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ: Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Անկեղծորեն հաջողություն եւ արդյունավետ աշխատանք եմ մաղթում Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը` ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի”: