Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» ՀՀ օրենքը: Նշենք, որ նախատեսվում է իրար միացնել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարփոխումների նախարարություն:
Արդարադատության նախարարը նշեց, թե այդ փոփոխությունը չի անդրադառնում այլ նախարարությունների վրա և չի առաջացնում նաև լրացուցիչ ֆինանսական խնդիրներ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հետաքրքրվեց, թե վերամիավորման դեպքում ինչ է լինելու հաստիքացուցակը և այն ինչ լրացուցիչ ծախսեր կարձանագրի: Նախարարի խոսքով, քանի դեռ նոր նախարարությունը չի ստեղծվել, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ հաստիքացուցակ կլինի:
ՀՀԿ-ական մյուս պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի համար զարմանալի էր նոր ստեղծվելիք նախարարության անվանումը և հարցրեց, թե ինչ հաշվարկներ կան նոր նախարարության մասով: Հովհաննես Մանուկյանը նշեց, թե արդեն հաշվարկներ կան և նոր նախարարությունը մեծաքանակ չի լինելու:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին դուր չեկավ նոր նախարարության անվանումը: Նրա խոսքով, ավելորդ է միջազգային բառը, քանի որ ինտեգրացիան հենց դա է նշանակում: Նա առաջարկեց փոխել նախարարության անունը:
Ի վերջո օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը համարվեց անհետաձգելի և ընդգրիկվեց առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգ: