Ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռուբլին շարունակաբար արժեզրկվում է: Պուտինյան վարչակարգի վարած քաղաքականության արդյունքում այդ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետեւանքներն իրենց սպասեցնել չեն տալիս. անցած ամիսներին ռուբլին արդեն իսկ հասցրել է գրանցել 28 տոկոսանոց անկում: Ինչպիսի՞ հետեւանքեր կունենա դա Հայաստանի տնտեսության վրա, որտեղ, ինչպես հայտնի է՝ գրեթե ամեն ինչ կախված է Ռուսաստանից: Եվ ամենակարեւորը` ինչպես կանդրադառնա ռուբլու անկումը ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների վրա, որոնք կազմում են մեր երկրի ՀՆԱ-ի 10 տոկոսը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, ինչո՞վ եք բացատրում ռուբլու շարունակական արժեզրկումը, արդյո՞ք պատճառը միայն միջազգային պատժամիջոցներն են:

-Ընդհանուր առմամբ, միտումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով. ուկրաինական ճգնաժամ, պատժամիջոցներ, նավթի գների անկում: Դրանք են պատճառները:

-Ռուսաստանի կառավարությունը միտումնավո՞ր է թուլացնում ռուբլին: Ինչի՞ն է դա ուղղված:

-Եթե դուք ցանկանում եք ներքին արտադրությունը զարգացնել, ձեր ներսում մրցունակ տնտեսություն ունենալ, որպեսզի հետագայում կարողանաք նաեւ դրսում մրցակցել, ապա պետք է արժութային քաղաքականությունն այդպիսին լինի, բայց ոչ այդ աստիճանի, որ հիմա կա:

-Իսկ կհաջողվի՞ դրանով տնտեսությունը զարգացնել:

-Դա կախված է նրանից, թե ինչքան արտարժութային պահուստներ կան, ինչքանով են պատրաստ երկարաժամկետ դիմակայելուն, որովհետեւ դրա արդյունքում արժեզրկումն է բարձրանում, ժողովրդի կենսամակարդակն է նվազում: Պետք է պատրաստ լինեն այդ ամեն ինչին դիմակայելուն: Եթե այդ հնարավորությունը կա, իհարկե, կստացվի:

-Գաղտնիք չէ, որ մեր երկրի տնտեսությունը մեծ կախվածություն ունի Ռուսաստանի տնտեսությունից: Ինչպիսի՞ն կլինեն ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող ցնցումների հետեւանքները Հայաստանի համար, արդյո՞ք այստեղ եւս կլինեն կտրուկ բացասական հետեւանքներ:

-Արդեն կան: Ե՛ւ ներդրումների, ե՛ւ մասնավոր փոխանցումների առումով բացասական անդրադարձ կա: Իրատեսական են այն կանխատեսումները, որ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունները սահմանափակ են լինելու:

-Պարո՛ն Խաչատրյան, Դուք նշեցիք, որ ՌԴ-ում տարվող ներկայիս արժութային քաղաքականությամբ փորձ է արվում հասնել ներքին տնտեսական ինքնուրույնության բարձրացմանը: Արդյո՞ք այդ գործընթացին զուգահեռ կան նախադրյալներ նաեւ մեր տնտեսության վերականգնման համար:

-ՌԴ-ի տնտեսության ազդեցությունն ուղղակի է: Չի բացառվում: Բայց Հայաստանի տնտեսության զարգացումը միայն դրանով չէ պայմանավորված: Մեր ներքին խնդիրներն ավելի բարդ են, քան դրսի ազդեցությունը: Եթե նկատի ունենք անմրցունակ, ոչ ազատ տնտեսություն, քաղաքական գործոնի մեծ ազդեցություն տնտեսության վրա, ապա այս ամենն իր բացասական ազդեցությունը կունենա տնտեսության վրա:

-Իսկ ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք ռուսական ռուբլու հետ կապված` առաջիկայում կհաջողվի կասեցնել դրա արժեզրկումը, թե գործընթացը կշարունակվի:

-Այս տարվա փետրվարից մինչեւ հիմա տեղի է ունեցել աստիճանական եւ հետո ավելի արագ արժեզրկում, իսկ ահա մոտ օրերս տեղի ունեցավ արագ արժեւորում: Ես, կարծում եմ, որ դա պայմանավորված է ավելի շատ քաղաքական, քան ներպետական գործոններով, որովհետեւ ռուսական ռուբլու վրա մեծ ազդեցություն ունի այն, թե ինչպիսի քաղաքական հայտարարություններ են արվում կապված Ուկրաինայի հարցի լուծման եւ Եվրոպա-Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների հետ: Եւ մոտ օրերս այսպիսի մի հայտարարություն եղավ, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինն ու ՈՒկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն որոշակի պայմանավորվածություն ձեռք բերեցին Ղրիմի հարցում: Սրան նախորդեց ռուսական ռուբլու որոշակի չափով արժեւորումը: Սա քաղաքական կողմն է: Գուցե տնտեսական մասով նորություն կա, բայց դեռեւս վերջնական որոշում չկա, որովհետեւ բոլորը սպասում են, թե այսօր ինչ տեղի կունենա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս