Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նրա եղբայրը` Նաիրի Սահակյանը, հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա եւ Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ է հայտարարել: Արդյունքում հաղթել է «Ես եւ նա» ՍՊԸ-ն: Ըստ պետռեգիստրի՝ այդ ընկերության հիմնադիրը Նաիրի Սահակյանն է, որը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է:
Ըստ մեր աղբյուրների՝ «Ես եւ նա» ընկերությունը, որն իրականացրել է դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, կասկածվում է չարաշահումներ թույլ տալու մեջ, քանի որ իրականացված ստուգումների արդյունքում հայտնեբերվել են առհելի գումարների կորուստներ:
Հենց այդ կորուստների փաստն էլ առիթ է դարձել, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով քրեական գործ հարուցեն` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության կամ պետության օրինական շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված մրցույթում հաղթած «Ես եւ նա» ընկերությանը, ասել է թե՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը` Նաիրի Սահակյանին, հատկացվել է 97 միլիոն դրամ` դպրոցների հիմնանորոգման աշխատանքները կատարելու համար: Իսկ թե տրամադրված գումարից որքանն է նպատակին ծառայել եւ որքանն է անհետացել, պետք է պարզի քննությունը:
Մինչ այդ, օրերս Արագածոտնի մարզպետից պահանջել են տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնց հիման վրա «Ես եւ նա» ընկերությունը մրցույթի հաղթող է ճանաչվել, ինչպես նաեւ՝ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների վերահսկման վերաբերյալ փաստաթղթերը: Ասել է թե՝ քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ըստ պատշաճի հետեւել է իր եղբոր հետ կնքված 97 մլն դրամ արժողությամբ գործարքի կատարման ընթացքին։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հաստատեց, որ իր եղբոր ընկերությունը հաղթել է իրենց մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթում եւ իրականացրել դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Սակայն, ըստ մարզպետի, որեւէ գումարի կորուստ չի եղել:
-Պարո՛ն Սահակյան, ճի՞շտ է, որ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչները պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ կապված քրեական գործ են քննում:
-Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, որ կարողանան գործ սարքեն:
-Այդ դեպքում ինչո՞ւ են Ձեզանից այս ողջ պրոցեսի հետ կապված փաստաթղթեր պահանջել:
-Մարդիկ իրավունք չունե՞ն մարդկանցից փաստաթուղթ պահանջելու, սա պետություն է:
-Բայց պահանջել են, որ հասկանան, թե ինչ եք կոծկում:
-Չեն պահանջել:
-Քիչ առաջ ասում էիք, որ պահանջել են, հիմա պահանջե՞լ են, թե՞ ոչ:
-ՉԷ՛:
-Դուք ինքներդ հետեւե՞լ եք, թե ինչպես է Ձեր եղբոր ընկերությունն իրականացնում աշխատանքները:
-Իհարկե, ամեն ինչ անցել է նորմալ:
– Իսկ եթե հաստատվի, որ թերություններ են եղել, գումարի կորուստներ են եղել, չե՞ք վախենում քրեական պատասխանատվությունից:
-Բացարձակապես, նման բան չկա: Եթե հակառակը լինի, այդ ժամանակ նոր կխոսեմ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը հունիսի 18-ին գրել էր, որ մայիսի 30-ին Աշտարակի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջարկել էր Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցի հարակից շուրջ 1.300 քմ հողատարածքն աճուրդի հանել՝ գազալցակայան կառուցելու համար, ինչը լուրջ դժգոհությունների առիթ էր դարձել:
Զրուցեց Քնար Մանուկյանը