2008թ.-ի գործընթացն է կրկնվում. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր խորհրդարանում՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ ցանկանում են իրար միացնել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները ու ստեղծել նոր՝ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումներ նախարարություն: Քննարկման ընթացքում ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«2008թ. մարտի 1-ից հետո երբ ձևավորվում էր նոր նախարարություն, պարզվեց, որ անհրաժեշտ են նոր պորտֆելներ և ստեղծվեց ԱԻՆ-ը և Ազգային ժողովում ստեղծվեցին այլ հանձնաժողովներ, որոնք պետբյուջեից մեծ գումարներ են ստանում: Եվ կարծում եմ նորից նույն գործընթացն է կրկնվում և նոր նախարարության ստեղծման կարիքը չկա», – հայտարարեց նա:

Զ. Փոստանջյանի խոսքով, այս պայմաններում, երբ պետբյուջեի միջոցները բավարար չեն,  փորձում են կրճատել հղիների  թոշակները, իսկ թոշակառուներին տրվող թոշակներն էլ շատ քիչ է, անհրաժեշտություն չկա նոր նախարարություն ստեղծել:

«Ավելին՝ կարելի է այս նախարարության գործառույթը փոխանցել մեկ այլ նախարարության և կրճատել ևս մեկ նախարարություն և այդ գումարներն ուղղել ավելի նպատակային ծախսերի համար: Նաև այստեղ կան հանձնաժողովներ, որոնք նույնիսկ նիստեր չեն գումարում, բայց այդ հանձնաժողովներին գումարներ են տրամադրվում, կարծում եմ այդ գումարները պետք է տնտեսվեն», – ընդգծեց նա:

Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ի պատասխան նշեց, թե կարող են առաջարկություններ անել հանձնաժողովների վերաբերյալ և քննարկում կազմակերպել:




Լրահոս