Հինգշաբթի գիշերը ռուս իրավապահները ձերբակալել են GTA կոչվող բանդայի անդամներին: Բանդայի ղեկավար, ծնունդով Ղրղզստանի Օշ քաղաքից Ռուստամ Ուսմանովը, ով նռնակ էր նետել ոստիկանների վրա, գնդակահարվել է: Եվս մեկ տասնյակից ավել մարդ ձերբակալվել է:
Ենթադրվում է, որ Ուսմանովը և մյուս ձերբակալվածներն անդամակցել են GTA բանդային, որը Մոսկվայում և Մոսկվայի մարզում 14 սպանություն է իրականացրել: Հանցագործները մետաղյա սրածայրերով սկավառակներ էին տեղադրում մայրուղիների վրա, այնուհետև գնդակահարում կանգ առնող մեքենաների վարորդներին: Ընդ որում, հանցագործները մեծ մասամբ չէին վերցնում վարորդների փաստաթղթերն ու թանկարժեք իրերը:
Վարկածներից մեկի համաձայն՝ GTA-ն բաղկացած էր ծայրահեղ իսլամականներից: Սկզբում նրանք կողոպուտներ, պատվիրված սպանություններ և այլ հանցագործություններ են կատարել, սակայն հետագայում, միանալով վահաբականներին, սկսել են գրոհայինների հավաքագրել, մասնավորապես՝ Սիրիայի պատերազմի համար:
Այդ վարկածով՝ճանապարհային սպանությունները կարող էին իրականացվել «մարզման» նպատակով, ինչպես նաև՝ բնակչության շրջանում վախ սերմանելու համար. տեղեկացնում է mail.ru-ն: