Կառավարությունը ժողովրդի հաշվին օգնում է ծաղկել ռուսական ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունների կողմից էներգետիկ ոլորտում տարվող քաղաքականության արդյունքում պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի բնակչությունը ստիպված է ապահովել, որ ռուսական ընկերությունները շահույթով աշխատեն:

«Գազպրոմ-Արմենիա» ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ ինն ամիսների ընթացքում Հայաստանում օգտագործվել է մեկ միլիարդ 317.1 միլիոն խորանարդ մետր գազ, որից էներգետիկ ոլորտը սպառել է 323.6 միլիոն խորանարդ մետրը: Այսինքն՝ Հայաստանում օգտագործվող բնական գազի մեկ քառորդը սպառվում է էներգետիկ ոլորտում կամ այլ կերպ ասած՝ ՋԷԿ-երի կողմից: Հայաստանի ՋԷԿ-երը երկուսն են՝ Հրազդանի ՋԷԿ-ը եւ Երեւան ՋԷԿ-ը, որոնցից երկրորդն օգտագործում է Իրանից ներկրված գազ` դիմացը վճարելով էլեկտրաէներգիայով: Այսինքն՝ երբ «Գազպրոմ-Արմենիան» ասում է, որ իր իրացրած գազի այսինչ մասը էներգետիկ ոլորտն է օգտագործել, ապա դա նշանակում է, որ խոսքը կոնկրետ Հրազդանի ՋԷԿ-ի մասին է: Հիշեցնենք, որ Հրազդան ՋԷԿ-ը պատկանում է նույն «Գազպրոմ-Արմենիային»:

Էներգետիկ ոլորտի՝ այս տարի սպառած գազի ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 32,9 տոկոսով: Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» այս տարվա ամռանը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու համար, իբրեւ պատճառաբանություն բերվում էր ՀԷՑ-ի կուտակած պարտքերը, որոնք գոյացել են Մեծամորի ատոմակայանի 88 օր կանգնելու եւ Հրազդան ՋԷԿ-ի թանկ էլեկտրաէներգիան սպառելու արդյունքում: Ըստ այդ պատճառաբանության՝ թանկ էլեկտրաէներգիա գնելու արդյունքում ՀԷՑ-ը 16,3 միլիարդ դրամի վնաս է կրել: Արդյունքում սակագինը բարձրացվեց ավելի քան 10 տոկոսով, որպեսզի ՀԷՑ-ը շահույթով աշխատի, եւ «վնասները» փոխհատուցվեն: Սակայն վերը բերված թվերը վկայում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը ռուսական ՀԷՑ-ին կանաչ լույս է տվել, որպեսզի նա ավելի շատացնի մեկ այլ ռուսական ընկերության պատկանող Հրազդան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան:

Համեմատության համար նշենք, որ Երեւան ՋԷԿ-ի արտադրած էլելտրաէներգիան ՀԷՑ-ը գնում է 17,6 դրամ սակագնով, Մեծամորի ատոմակայանինը` 6,1 դրամով, իսկ Հրազդան ՋԷԿ-ինը` 37,2 դրամով: Այսինքն՝ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է ՀԷՑ-ը Հրազդան ՋԷԿ-ից էլեկտրաէներգիա վերցնում, ինչո՞ւ, ասենք, նույն Երեւան ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան չի գնում: Էլեկտրաէներգիայի առաքման պաշտոնական հաշվետվության համաձայն՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀԷՑ-ը Երեւան ՋԷԿ-ից գնել է 16,2 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, իսկ Հրազդան ՋԷԿ-ից՝ 21,3 միլիոն:

Իսկ ինչո՞ւ է ՀԷՑ-ը նախընտրում կրկնակի անգամ թանկ էլեկտրաէներգիան: Պարզ պատճառով, որովհետեւ ՀԷՑ-ը, Հրազդան ՋԷԿ-ը եւ «Գազպրոմ-Արմենիան» գործնականում պատկանում են մեկ ընդհանուր տիրոջ: Այս դեպքում տնտեսագիտական եւ մնացած բանական կանոնները դադարում են գործել: Մեկ սեփականատիրոջ պատկանող ռուսական ընկերությունները փորձում են՝ որքան հնարավոր է՝ փակ շրջանով գործել` ապահովելով մեկը մյուսի շահութաբերությունը: Եվ երբ այդ շահույթները մի փոքր պակասում են, նրանք անմիջապես դիմում են՝ սակագները բարձրացնելու համար: Դե, իսկ ՀՀ իշխանությունները եւ, հատկապես, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն «ով» է, որ փորձի ռուսներին հակաճառել. ասում են՝ բարձրացրե՛ք, բարձրացնում են, վե՛րջ:
Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հրազդան ՋԷԿ-ն անցած տարվա ինն ամիսների արդյունքներով հազար խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 172-րդ հորիզոնականը` մոտ 490 միլիոն դրամի հարկային վճարումներով: Այս տարի Հրազդան ՋԷԿ-ը բարձրացել է 69-րդ տեղը` 1 միլիարդ 337 միլիոն դրամի հարկային վճարումներով:

ՀՀ պաշտոնյաները այս ամենը, իհարկե, կարող են հետեւյալ կերպ ներկայացնել. պաշտոնապես 32 տոկոս աղքատություն ունեցող մեր բնակչությունն այնքան հյուրասեր ու մեծահոգի է, որ օգնում է՝ խեղճ ու կրակ ռուսական ընկերությունները մի քանի լումա փող աշխատեն, տանեն, իրենց ընտանիքները պահեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս