Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նոր ստեղծվելիք նախարարությունը խուճապ է առաջացրել Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների շրջանում:
Հայտնի է, որ նոր ստեղծվելիք նախարարությունը պետք է զբաղվի ՀՀ-ԵՏՄ և ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված հարցերով: Այժմ այդ գործընթացներն իրականացնում է հենց Էկոնոմիկայի նախարարությունը: Դեռ պարզ չէ՝ նոր նախարարությունը ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարության փոխարեն, թե գործելու են երկուսն էլ:
Նախարարության ներսում ևս չեն դադարում այս խոսակցությունները: Աշխատակիցները տեղյակ չեն՝ դեռ որքան են շարունակելու աշխատել և, թե ինչ է լինելու հետագայում: Նշենք, որ վաղուց են շրջանառվում այն խոսակցությունները, թե Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ցանկանում են պաշտոնանկ անել և «հեռացնել» ասպարեզից: Հայտնի է, որ նա համարվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրը, ով նախկինում ևս զբաղեցրել է նախարարի պաշտոնը, ապա անցել պատգամավորական աշխատանքի: