Արթուր Ալեքսանյանը ելույթ կունենա Բունդեսլիգայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ըմբշամարտի նորընծա աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ուժերն է փորձելու ըմբշամարտի Գերմանիայի ակումբային թիմերի Բունդեսլիգայի առաջնությունում։

Նա նոյեմբերի 6-ին մեկնեց Գերմանիա և նորամուտը կնշի ASV Mainz 1888 ակումբի թիմում, որի կազմում անցած մրցաշրջանում ելույթ էր ունենում մեր ըմբիշներից Միհրան Ջաբուրյանը: Ի դեպ, անցած մրցաշրջանի ըմբշամարտի Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոնը ՝ ASV Nedingen է, որի կազմում ելույթ էր ունենում մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:

2009թ.-ից Բուդեսլիգայում ելույթ է ունենում նաև այս տարվա աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն, մեր ևս մեկ հեղինակավոր ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը հանդես է գալիս KSV–Aalen-05 ակումբի կազմում:

Տարբեր ժամանակերում այստեղ ելույթ են ունեցել նաև Ալեքսան Միքայելյանը, Արամ Ջուլֆալակյանը: Կնքած պայմանագրի համաձայն՝ մինչեւ տարեվերջ Արթուրը պիտի 4-5 գոտեմարտ անցկացնի:

Սովորաբար պայմանագիրը ըմբիշները կնքում են առնվազն 1 տարվա համար ու պարտավորվում են մրցաշրջանի ընթացքում 10-ից մինչև 24 գոտեմարտի մասնակցել: Բնականաբար ըմբիշները իրենց այս ելույթների համար գումար են ստանում: Ստացվում է այնպես, որ ըմբիշները պահպանում են իրենց մարզավիճակը և միաժամանակ հնարավորություն են ստանում բարելավել իրենց ֆինանսական վիճակը:

Ալեքսանյանը իր թիմի կազմում բուդեսլիգայի 4-5 հանդիպման մասնակցելուց հետո կվերադառնա Հայաստան և կմիանա հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականին, որը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է նախատեսում անցկացնել Ծաղկաձորում:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն




Լրահոս