Մարմաշենցիներն ահազանգում են՝ խմելու ջուր չունեն, իսկ եղնիկցիները խմելու ջրի պահանջով փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում գլխավոր ջրագծի վթարի պատճառով 20 օր է՝ խմելու ջուր չկա: Խողովակաշարը շատ հին է, տեղադրվել է 1960 թվականին եւ երբեք չի վերանորոգվել: Գյուղացիներն ասացին, որ վերջին տարիներին խողովակն արդեն 10 անգամ հասցրել է պայթել, եւ իրենք ստիպված են եղել այն վերանորոգել սեփական ուժերով: Իսկ ներկայումս գյուղացիները ստիպված են իջնել ձոր, որպեսզի թե՛ սեփական կարիքների, թե՛ անասունների համար ջուր բերեն: 80-90 տուն սպասարկող վնասված խողովակի ջուրը ողողել է գյուղի փողոցները, ջրի հոսքը դադարեցնել գյուղացիներին չի հաջողվում: Այն, որ արդեն 8-9.000 խմ ջուր է կորել, ջրմուղ-կոյուղուն, կարծես, ամենեւին չի անհանգստացնում, մարմաշենցիների խոսքով` ջրմուղում տեղյակ են վթարից, սակայն չեն շտապում արձագանքել: Մարմաշենի համայնքապետը խիստ անհանգստացած է, եթե այս վիճակով շարունակվեն ցրտահարությունները, ապա նոր խնդիրներն անխուսափելի են: Իսկ ահա «Շիրակ ջրմուղ-կոյուղուց» վստահեցնում են՝ խնդիրը շուտով կլուծվի, պարզապես հիմնովին վերանորոգում է անհրաժեշտ:
Եթե մարմաշենցիները սպասողական վիճակում են, ապա Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի բնակիչների համբերության բաժակը լցվել է: Գյուղը տեւական ժամանակ է՝ զրկված է խմելու ջրից: Տեղեկացանք, որ եղնիկցիները նոյեմբերի 6-ի վաղ առավոտից փակել են Երեւան-Գյումրի մայրուղու այն հատվածը, որը տանում է Արագածոտնի մարզ: Գյուղացիներին հանդիպել են Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչները, ինչը, սակայն, չի բավարարել նրանց: Բողոքող եղնիկցիները պահանջել են հանդիպում ԱԺ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների հետ:
Արեւիկ Հակոբյան
Լուսանկարը` Newsbook.am-ի