Այսօր՝ մայիսի 24-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 28-ամյա Արամ Մացանյանը, վարելով “ԲՄՎ” մակնիշի 31 ՕՕ 654 համարանիշի ավտոմեքենան, Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Սևան Կալլաշյանի վարած “Միթսուբիշի Շարիոթ” մակնիշի 24 ՍՍ 144 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով “ԲՄՎ”-ի ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Արթուր Խուրշուդյանը և “Միթսուբիշի Շարիոթի” վարորդն ու նրա ուղևոր՝ Աբովյանի բնակիչ 42-ամյա Նորայր Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Գ. Շամշյանն հայտնում է, որ վթարից հետո “ԲՄՎ”-ի վարորդը դրսևորել է ոչ կոռեկտ վարքագիծ՝ իրեն թույլ տալով խուլիգանական արարքներ և նույնիսկ ասելով. “Լավ եմ արել, խփել եմ”։ Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Ոստիկանության Պարեկա-պահակային ծառայության աշխատակիցների ներկայությունն անգամ չզգաստացրեց “ԲՄՎ”-ի վարորդին, որին ստիպված բերման ենթարկեցին Ոստիկանության “Կենտրոնականի” բաժին։
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Քննիչի հանձնարարականով “ԲՄՎ”-ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Գ. Շամշյանն հայտնում է, որ իր տեղեկություններով “ԲՄՎ”-ի վարորդն ու նրա ուղևորը նախկինում եղել են դատապարտված և մի քանի օր առաջ են ազատվել “Սևան” քրեակատարողական հիմնարկից։ Դեպքի վայրում էլ նա հոխորտում և սպառնում էր, որ ինքը “Բանգլադեշցի Արամիկն” է։ Եվ երբ կարմիր բերետավորներն ու ՃՈ աշխատակիցները վնասազերծեցին նրան, հավաքված քաղաքացիները կատակում էին. “Առյուծ կտրող “Բանգլադեշցի Արամիկը” դարձավ “կուրկուռի ձագ”։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի