ԱՄՆ իշխանությունների հետաքննությունը, որի շրջանակներում փողերի լվացման մեջ է կասկածվում Gunvor ընկերության նախկին սեփականատեր Գենադի Տիմչենկոն, կարող է վերաբերվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «մերձակա շրջանակի» նաև այլ գործարարներին, տեղեկացնում է Коммерсант-ը:
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ ֆիննախի արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը սկսել է տեղեկություններ հավաքել այն գործարարների մասին, ովքեր, Վաշինգտոնի կարծիքով, մտնում են Պուտինի «մերձակա շրջանակի» մեջ:
«Դեռևս մարտի 20-ին, պատժամիջոցների առաջին ցանկը հրապարակելով, մենք պարզորոշ ազդանշան ենք ուղարկել Կրեմլին՝ մատնանշելով, որ ցանկում հայտնված գործարարները ուղիղ կապ ունեն «Օզերո» հայտնի կոոպերատիվի հետ», – ասել է թերթի աղբյուրը:
Այդ կոոպերատիվը Պուտինը հիմնել է ևս 7 բաժնետերերի հետ միասին 1996թ.-ին, և ինչպես համարվում է, դրա մեջ մտնող մարդիկ ձևավորել են Պուտինի մերձակա շրջապատը և նրա աշխատակազմը: «Օզերոյի» հիմնադիրների թվում էին «Ռուսական երկաթուղիի» ղելավար Վլադիմիր Յակունինը, «Ռոսսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Կովալչուկը, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախկին ղեկավար Սերգեյ Ֆուրսենկոն, գիտության և կրթության նախկին նախարարը, նահագահի օգնականը:
«Այժմ մենք ցանկանում ենք հիշեցնել ՌԴ իշխանություններին, որ տեղեկատվություն ունենք իրենց կողմից վերահսկվող ընկերություններում ֆինանսական գործարքների մասին և պատրաստ կլինենք դրանք արգելափակել, եթե Մոսկվան չդադարի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում», – ասել է Коммерсант-ի աղբյուրը: