28-ամյա վիետնամացին կես տարի գումար է հավաքել, որպեսզի իր ընկերուհու համար iPhone 6 գնի: Այդ նպատակով նա ժամանել է Սինգապուր: Սակայն խանութի աշխատակիցը նրան ասել է, որ այդ հեռախոսն անսպասելի կերպով հազար դոլարով թանկացել է: Ինչպես նշում է Mirror-ը, դա ծանր հարված է եղել վիետնամացու համար:
Հասկանալով, որ մեքենայությունների զոհ է դարձել, Պան Վան Տայը ծնկի է իջել և սկսել է աղերսել վաճառողներին արդեն վճարված գումարի դիմաց իրեն տալ iPhone-ը, սակայն խանութի ներկայացուցիչները միայն ծաղրել են անհաջողակ արտասահմանցուն:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել օգնել տղամարդուն: Mobile Air-ի աշխատակիցները համաձայնվել են վիետնամացուն վերադարձնել ընդամենը 250 դոլար:
Բարեբախտաբար, այսքանով Տայի պատմությունը չի ավարտվել: Համացանցում դիտելով վիետնամացու մասին տեսահոլովակը՝ սինգապուրցիները նրա համար 12 հազար դոլար են հավաքել, ինչը բավական է ոչ միայն հեռախոս գնելու, այլև Սինգապուրում նրա գտնվելու ծախսերը հոգալու համար: