ՀՀ արդարադատության նախարարությունը գերմանական GIZ կազմակերպության հետ համատեղ նախարարության աշխատակիցների համար նոյեմբերի 4-7-ը կազմակերպել էր սեմինարների շարք «Իրավական ակտերի մշակման տեխնիկա» խորագրով:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ողջունել է սեմինարի մասնակիցներին և կարևորել նման միջոցառումների անցկացումը երիտասարդ կադրերի մասնագիտական ունակությունների զարգացման տեսանկյունից: Նա կոչ է արել նրանց իրավական ակտերի մշակման ու կազմման աշխատանքներում լինել հետևողական հատկապես բառերի ընտրության հարցում, ուշադրություն դարձնել դրանց ճիշտ, դիպուկ և տեղին կիրառելիությանը:
«Յուրաքանչյուր բառ պետք է ունենա որոշակի բեռ, նպատակ, այդ թվում՝ օտարածին բառերը, իսկ մեզ մոտ այդպիսի բառերի գործածումը հաճախ արվում է սխալ: Պետք չէ օգտագործել ավելորդ բառեր, որպեսզի ցույց տանք, թե ինչ ենք ուզում ասել: Պետք է ձևակերպել հնարավորինս հակիրճ և դիպուկ, որպեսզի խուսափենք ավելորդաբանություններից»,-ընդգծել է նախարարի առաջին տեղակալը:
Սեմինարավար, գերմանացի փորձագետ Ֆրեդրիկ Վիտեն նշել է, որ օրենքները երբեմն գրվում են երկար նախադասություններով, այնպես, որ նախադասության վերջին հասնելիս մոռացվում է սկիզբը, ինչը հատուկ է ոչ միայն Հայաստանին. նման նախադեպերի կարելի է հանդիպել նաև Գերմանիայում: «Մի նախադասության մեջ հաճախ չափից շատ փաստեր են շարադրվում, որոնք դժվարացնում են հոդվածի իմաստային ընկալումը»,-նշել է Ֆրեդրիկ Վիտեն: Նա ընդգծել է նաև, որ հայկական օրենքներում հաճախ հանդիպող սխալներից է կրկնաբանությունը: Պետք է ձերբազատվել նաև օրենքներում ամրագրվող նախաբաններից, քանի որ, ըստ նրա, դրանք խորհրդային ժառանգություն են, որոնք հետապնդել են ավելի շատ քարոզչական նպատակ:
Սեմինարի մասնակիցների համար անցկացվել են իրավական նորմերի ձևակերպման ընդհանուր սկզբունքների, իրավական ակտերում հղումներ կատարելու, օրենքների վերնագրերի կազմման, իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, հիմնավորումների, կառուցվածքի, իրավական նորմերի ձևակերպման սկզբունքների, օրենսդրական գործընթացին երրորդ անձանց մասնակցության և այլ կարևոր սկզբունքների ու ընթացակարգերի տեխնիկական և իմացական հմտություններին առնչվող տեսական ու գործնական դասընթացներ:
Սեմինարի մասնակիցները ծանոթացել են իրավական ակտերի նախագծերի մշակման ՀՀ արդարադատության նախարարության և GIZ-ի մշակած մեթոդական ցուցումներին: Գերմանական օրենսդրության օրինակների վրա ներկայացվել է նաև իրավական ակտերի հստակ ձևակերպումների և ավելորդաբանություններից խուսափելու տեխնիկան: Կատարվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության օրենքների համեմատական վերլուծություններ, դրանց հիման վրա կազմվել են խնդիրներ և վարժություններ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին