Հայաստան հիմնադրամը երկու ծրագիր է բացել Մարտունու շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես armlur.am -ին  հայտնեցին ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից՝ այսօր` մայիսի 24-ին, “Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում բացել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղի նորակառույց դպրոցը:Արարողությանը ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, հյուրեր: Դպրոցի կառուցումը համաֆինանսավորել են “Վարդանյանների ընտանիք” բարեգործական կազմակերպությունը և ԼՂՀ կառավարությունը: Երկհարկանի դպրոցն ինքնատիպ ճարտարապետական լուծումներով կառույց է, որն իր հարկի տակ կարող է ընդունել ավելի քան 300 աշակերտի:Ներկայումս այստեղ ուսանում է 140 աշակերտ: Նորակառույցն ապահովված է ժամանակակից պայմաններով` ներառյալ գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան և հինգ լաբորատորիաներ: Կրթօջախն ունի նաև խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ: Դպրոցի ամբողջական կահավորումն էլ իրականացրել է Բրազիլիայի տեղական մարմինը` բրազիլահայ համայնքի ջանքերով: Տոնական տրամադրությունը դպրոցում կշարունակվի նաև վաղը` վերջին զանգի հանդիսությամբ: Դպրոցի փոխտնօրեն Ադելաիդա Օհանջանյանի խոսքով` այս տարվա 26 շրջանավարտներից 20-ը ցանկություն ունեն բարձրագույն կրթություն ստանալ: “Դպրոցը լայն թևեր տվեց մեզ”,- հավելել է նա:  Հանդիսավոր արարողությունը շարունակվեց նաև Մարտունի քաղաքում, որտեղ հոգևոր հայրերի օրհնությամբ բացվեց քաղաքի խմելու ջրի ցանցը: “Հայաստան” հիմնադրամի պատվո անդամ, “Տաշիր-Գրուպ” ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի նվիրաբերած միջոցներով վերակառուցվել է 1971 թվականին կառուցված ջրամատակարարման համակարգի 1-ին գոտին : Կառուցվել են նոր ջրատարներ, ներքին ցանց և մաքրման կայան: Արդյունքում` քաղաքի բնակչության շուրջ երկու երրորդն այսօր ունի կանոնավոր ջրամատակարարում: Աշխատանքների 2-րդ և 3-րդ փուլերի ավարտին քաղաքն ամբողջությամբ կունենա բարելավված ջրամատակարարում: “Մնացեք Ձեր հողում, իսկ “Հայաստան” հիմնադրամը կսատարի Ձեզ ինչով կարող է” ,- մարտունեցիներին դիմել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը :
“Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի ազգապահպան ձեռնարկումներն արժանի են գերագույն գնահատանքի և աստվածային օրհնության”,- իր ելույթում ասել է Մարտունու տարածաշրջանի թեմի առաջնորդ Տ. Սահակ քահանա Շաքարյանը: Արարողությունը եզրափակվել է շրջկենտրոնի մշակույթի ակումբում կազմակերպված գեղեցիկ համերգային ծրագրով:
 




Լրահոս