Մինչ որոշվի` հարցն ում ուղղել, խնդիրն ավելի կխորանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հանրապետությունում գնալով քչանում են կանաչապատ տարածքները, առավել ևս՝ անտառները, թերևս, նորություն չէ որևէ մեկի համար: Սակայն լինում են դեպքեր, երբ խնդրի լուծման համար առաջարկներով հանդես եկած անհատները, հասարակական կազմակերպությունները համապատասխան գերատեսչություններից անհասկանալի և բազում հարցեր առաջացնող արձագանք են ստանում:

Իսկ հիմա ավելի նյութական. Armlur.am-ին հայտնի է դարձել, որ «Կանաչ Մասիս» բնապահպանական հասարակական կազմակերպությունն առաջարկով դիմել է Արարատի մարզպետարանին, որպեսզի Մասիս քաղաքին կից տարածքում իրենց տրամադրվի այնպիսի տարածք, որտեղ հնարավոր լինի ծառատունկ իրականացնել:

Ստորև՝ դիմումի կրկնօրինակը, որն Armlur.am-ին տրամադրել է ՀԿ-ն:

 

Снимок

Հարցմանն ի պատասխան, ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀԿ նախագահ Արթուր Հարությունյանը, մարզպետարանից պարզաբանել են, որ հարցը պետք է քննարկվի Մասիսի քաղաքապետի հետ՝ հավելելով, որ կանաչապատման նախաձեռնություն է իրականացվում նաև Սայաթ-Նովա գյուղում, և առաջարկել են համագործակցել գյուղի հետ: Սակայն ՀԿ անդամները տեղեկացրել են, որ իրենց հարկավոր է տարածք ոչ թե Մասիս քաղաքում, այլ` հարակից տարածքում: Մարզպետարանի՝ նշված դիտարկման պատասխանը ևս չի գոհացրել ՀԿ-ին. Մասիս քաղաքին հարակից տարածքը Մասիսի տարածաշրջանում է:

Armlur.am-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պատասխանատու Գայանե Խաչատրյանը հստակեցրեց, որ իրենց հայտնի է` Մասիսի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել քաղաքապետ Սաշա Հակոբյանի և ՀԿ-ի անդամների միջև: Հանդիպման ընթացքում քաղաքապետը, ողջունելով նախաձեռնությունը, պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ՀԿ-ի հետ, օժանդակելու հնարավորության սահմաններում:

Իսկ ՀԿ նախագահ Ա. Հարությունյանն Armlur.am-ին տեղեկացրեց, որ քաղաքապետն իրենց ասել է, որ ծառատունկ իրականացնելու համար ներկայումս քաղաքում հարմար տարածք չկա: Ի դեպ, մարզպետարանից մեզ հայտնեցին նաև, որ մարզպետարանն իրավասու չէ ծառատունկերի և կանաչապատումների համար տարածքներ տրամադրել. այս հարցը պետք է Հողաշինության և հողօգտագործման բաժնում քննարկվի, իսկ մարզպետարանն իրավունք ունի զբաղվելու օտարման հարցերով միայն: Մարզպետարանի փոխանցմամբ՝ նշված բաժինը պատրաստակամ է բանավոր քննարկում ունենալ ՀԿ անդամների հետ և ընդհանուր եզրեր գտնել:

Ինչևէ, միգուցե բնապահպանական հասարակական կազմակերպությունը «սխալ հասցեով» է դիմել՝ իրենց առաջարկն ի կատար ածելու նպատակով, սակայն առավել զարմանալի է այն հանգամանքը, թե մարզպետարանն ինչու չի հայտնել դիմումատուին այն հանգամանքը, որ իրավասու չէ նման հարցերով զբաղվել:




Լրահոս