Սերժ Սարգսյանը հակառուսական ակնարկներ է անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» միջոցով հանրության դատին հանձնված այս փաստաթուղթը պատմում է ԱՄՆ Պետքարտուղարի նախկին օգնական Դենիել Ֆրեյդի եւ Սերժ Սարգսյանի՝ 2005թ. նոյեմբերի 2-ին տեղի ունեցած հանդիպման մասին: Զեկուցագիրը հեղինակել է հանդիպմանը մասնակցած ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Թեպետ ԱՄՆ Պետդեպին ուղղարկված փաստաթուղթը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու տարիներին, այդուհանդերձ, բավականին ուշագրավ մանրամասներ է պարունակում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ամերիկացիներին դուր գալու համար, ըստ էության, հակառուսական շեշտադրումներ պարունակող ակնարկներ է հնչեցրել:

Ամերիկացի դիվանագետը նկատել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին երբեք չի ընկալել որպես իր եւ ՌԴ միջեւ մրցության առարկա: Ավելին՝ նրա կարծիքով, ամերիկյան կողմը Հայաստանին չի դիտարկել իբրեւ ՌԴ հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար հատուկ գին վճարող երկիր: Դիվանագետի համոզմամբ՝ Հայաստանը միայն կշահի, եթե լավ հարաբերություններ պահպանի Մոսկվայի հետ: Ֆրեյդը պնդում է, որ ԱՄՆ-ի համար շահավետ կլինի, եթե Հայաստանը հաջողի՝ չթուլացնելով իր կապերը Ռուսաստանի հետ: ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնականն անգամ նշել է, թե Հայաստանի առաջընթացը մեծ նշանակություն կունենա Ռուսաստանի համար, որպեսզի վերջինս էլ բարելավի իր դրությունը եւ կանգնի ժողովրդավարական ճանապարհի վրա:

Ըստ էության, դիվանագիտական այս հնարքով Ֆրեյդը հստակեցնում է, որ Ռուսաստանը ժողովրդավարական պետություն չէ: Ավելին՝ նա մատնանշում է այն հավանականությունը, որ Հայաստանը կարող է իր արժեհամակարգով հեռանալ Ռուսաստանից: Դժվար չէ գլխի ընկնել, որ եթե արժեհամակարգային տեսնակյունից Հայաստանի ու Ռուսաստանի կապը կտրվի, ապա տնտեսական ներկայիս կախվածությունը եւս երկար չի տեւի: Արդ, այս հանգամանքը հաշվի առնելով է Ռուսաստանն աջակցում Հայաստանում հակաժողովրդավարական ընտրություններին ու իշխանության բռնազավթմանը:
Սերժ Սարգսյանը, հավատարիմ իր էությանն ու բնավորությանը, զրույցն արժեհամակարգային հիմնադրույթներից տեղափոխել է տնտեսական հարթություն:

Նրա խոսքով` Հայաստանը մեծ հնարավորություններ չունի, քանզի «երկիր է, որը ունի միայն մեկ գազամուղ եւ ստիպված է իր բոլոր որոշումները կայացնել՝ այդ գազամուղը սեփական մտքում ունենալով»: Սարգսյանն ակնհայտորեն հակառուսական շեշտադրում է կատարում՝ ակնարկելով, որ Հայաստանը Ռուսաստանին է ենթարկվում նրա կողմից գազամուղը փակելու սպառնալիքի պայմաններում: Մի կողմ թողնելով իրանական գազամուղի այլընտրանքը, որը Սերժ Սարգսյանի իշխանությունը համառորեն չի ուզում տեսնել, կարող ենք եզրակացնել, որ Ռուսաստանի հետ կապված Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակելիս, այդ թվում եւ` սեպտեմբերի 3-ի որոշումն ընդունելիս, Սարգսյանը մտքում գազամուղն է ունեցել:

Դենիել Ֆրեյդը նաեւ անդրադարձել է այն պնդումներին, թե իբր ԱՄՆ-ն իրականացնում է տրոցկիստական քաղաքականություն՝ հովանավորելով տարաբնույթ հեղափոխություններն աշխարհում: Նա այդ մեղադրանքները համարել է անլուրջ՝ շեշտելով, որ ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր են խաղաղ ռեֆորմներն ու սահուն փոփոխությունները, ինչի նպատակով էլ աջակցություն են ցույց տվել նույն ժամանակաշրջանում Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխություններին: Այսպիսով՝ փաստելի է, որ Քոչարյանի ձեռնարկած սահմանադրական փոփոխությունները միանշանակորեն ընդունելի էին թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան կենտրոնների համար: Հատկանշական է, որ ներկայումս ընթացող փոփոխություններին միջազգային մակարդակով դեռ հավանություն չի տրվել՝ չհաշված Վենետիկի հանձնաժողովի ոչ միանշանակ եզրակացությունը: Արդ, ենթադրելի է, որ մեծամասամբ արտաքին կենտրոնների որդեգրած մոտեցումից է կախված, թե որքանով կհաջողվեն Սարգսյանի գենսեկության ծրագրերը:

Անցում կատարելով հայ-թուրքական հիմնախնդրին՝ Ֆրեյդն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ փոփոխվում է, եւ այն, որ այս երկիրը մտածում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, արդեն իսկ մեծ առաջընթաց է: Փաստորեն, ամերիկյան կողմի այսօրինակ հորդորներն էլ են հարուցիչ եղել Սարգսյանի՝ տապալված «ֆուտբոլային դիվանագիտության» համար, ով հավատացել էր, թե Թուրքիան այնքան է «փոխվել», որ իրեն չի խաբի ու սահմանները կբացի: Ի դեպ, այս կապակցությամբ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նկատել է, թե «Հայաստանի բարգավաճումն ու զրագացումը, վերջիվերջո, կախված է Թուրքիայի հետ սահմանների բացումից, որը մեզ կդարձնի երեք անգամ ավելի ազատ, քան կանք այժմ»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս