
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ըստ ԱԳՆ մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, փոխնախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին նկատելի աշխուժացում է արձանագրվել հայ-հունգարական երկկողմ հարաբերություններում: Մասնավորապես, նա նշել է, որ 2009թ. պետական այցով Հունգարիա է այցելել ՀՀ նախագահը, որի ընթացքում ստորագրվել են համագործակցության մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև գումարվել է հայ-հունգարական առաջին գործարար համաժողովը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Սաբոն վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ երկկողմ գործընկերության առավել ամրապնդման համար: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում նաև ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որն իր մեջ զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ծրագրին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: