«Ճանաչելով ներկայիս ընդդիմադիրներից շատերին՝ ապագայի հույսեր նրանց հետ չեմ կապում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն այսօր որեւէ ընդդիմադիր առաջնորդի չի տեսնում, որի հետեւից իսկապես ժողովուրդը կգնա: Ըստ մեր զրուցակցի՝ խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերն այսօր այն քաղաքական ուժերը չեն, որոնք կարող են Հայաստանում իրավիճակ փոխել: Ստորեւ ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի հետ մեր զրույցը:

-Պարո՛ն Մանուկյան, Դուք հետեւո՞ւմ եք, թե ՀՀ քաղաքական դաշտում ինչ է կատարվում: ԱԺ ոչ իշխանական երեք ուժերը փողոց են դուրս եկել ու իշխանափոխության պահանջով են հանդես գալիս: Ըստ Ձեզ՝ այդ իշխանափոխության պահանջը որքանո՞վ է իրական այսօրվա դրությամբ:

-Ինձ թվում է՝ բավականին խառնաշփոթ դաշտ է ստեղծվել, այդպես ուշադիր ես չեմ հետեւում ընթացքին, բայց ես գիտեմ, որ շատ պրոբլեմներ կան Հայաստանում, որոնք որ պետք է բարձրացվեն, ես գիտեմ, որ ընդդիմադիրները ինչ-որ հարցեր բարձրացնում են, բայց ես Հայաստանի ապագայի հույսերը, անկեղծ ասած, ճանաչելով ներկայիս ընդդիմադիրներից շատերին, այնքան էլ չեմ կապում իրենց հետ:

-1996 թվականին Դուք ժողովրդական շարժման առաջնորդն էիք, ու կարելի է ասել՝ փողոց էիք դուրս եկել նույն պահանջով, ինչ պահանջով այժմ ՀՀ ընդդիմադիրներն են բողոքի ակցիաներ անում: Ըստ Ձեզ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լա՞վ առաջնորդներ են:

-Գիտեք՝ ինչ կարեւոր է, թե ժողովրդի որ հատվածն է ձեր ասած առաջնորդի հետեւից գնում, ժողովրդի մի հատված կա, որը կա՛մ ծանր վիճակում է, կա՛մ այնքան խռոված ուղղակի պետությունից, որ կգնա ցանկացածի հետեւից, եթե մեկը տանող լինի: Բայց այդպիսի շարժումը, այդպիսի հոսանքը ոչ մի օգուտ Հայաստանին չեն կարող բերել: Շատ կարեւոր է, որ հույս կապեն այն մարդիկ, ովքեր Հայաստանում արդեն իրենից ինչ-որ մի բան ներկայացնում են, որոնք տեսնում են պրոբլեմները, տեսնում են լուծումները եւ լցված չեն ֆանատիկ ատելությամբ կամ չարությամբ: Այդպիսի առաջնորդ, որն այդպիսի մարդկանց առաջ կտանի, ես հիմա չեմ տեսնում: Ատող մարդկանց առաջ տանող միշտ էլ կգտնվի, այդտեղ որեւէ պրոբլեմ չկա:

-Բայց, ըստ Ձեզ, այսօր Հայաստանում հասունացե՞լ է իշխանափոխությունը:

-Ես կարծում եմ, որ ոչ: Իհարկե, պետություններում իշխանությունները պետք է ժամանակ առ ժամանակ փոխվեն, այդ թեզը որեւէ մեկը կասկածի տակ չի կարող դնել: Իսկ դրա համար կան ընտրություններ, որի ժամանակ էլ այդ ամենը կատարվում է: Իսկ եթե չի ստացվում, ապա չի նշանակում, որ դա պետք է ընտրությունների արանքում անել: Իսկ այն խոստումները, որոնք իրենք տվեցին, թե պետք է իշխանություն փոխեն եւ այլն, դրանք կատարվող բաներ չեն: Իրենք նախապես էլ գիտեն, որ մինչեւ ընտրությունները ոչ մի փոփոխություն իրենք չեն կարող անել:

Ինձ համար զարմանալի է, թե իրենք ինչպես են իրենց վրա վերցնում նման պատասխանատվություն՝ նման հայտարարությամբ հանդես գալով: Հա լինեն ընտրություններ, ընտրությունների ժամանակ… նամանավանդ որ առաջիկայում Ազգային ժողովի ընտրություններն են, ու ես կողմ կլինեմ, որ շատ տարբեր քաղաքական ուժեր ներկայացված լինեն խորհրդարանում ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ, ձեւավորվի նոր մի կոալիցիա, երկիրն առաջ տանեն: Դրան ո՞վ է դեմ, բայց իշխանափոխություն հիմա՞, ընտրությունների ուղիղ արանքո՞ւմ, ո՛չ հնարավոր է եւ ո՛չ էլ օգտակար Հայաստանի համար:

-Բայց այժմ Հայաստանի քաղաքական դաշտում «լճացում» է, քանի որ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունը որեւէ կոնկրետ քայլով հանդես չեն գալիս: Գուցե իսկապես իշխանափոխություն է՞ հարկավոր:

-Գիտեք՝ ինչ անկախության ժամանակաշրջանից միշտ էլ ինչ-որ լճացում կա, որովհետեւ զգացվում է, որ շատ քայլեր կան անելու, բայց այդ քայլերի չնչին մասն է կատարվում, շատ բան գլորվելով է գնում, ու շատ բան կարելի է, իհարկե, փոխել: Դա բոլոր իշխանությունների ժամանակ էլ զգացվել է:

-Իսկ ինչո՞ւ եք այդ դեպքում բացառում, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «ժառանգությունը» կարող են այդ լճացումից երկիրը դուրս բերել:

-Ես չեմ ուզում մարդկանց մասին անձնական գնահատականներ տալ: Բայց դուք ինքներդ մի օր սուրճը վերցրեք, խմեք ու նայելով առաստաղին մտածեք, թե երեքով ի՞նչ փոփոխություն պետք է անեն. ընտրությունները պետք է դառնան արդա՞ր, թե՞ կոռուպցիան պետք է չլինի, ի՞նչը պետք է փոխվի այս պետության ներսում: Այդ ինչի՞ սիմվոլներ են, այ, դրանք:

-Իրենք ցանկանում են, որ իշխանությունը չվերարտադրվի, պահանջ են դնում…

-Ամեն ձեւի բան էլ կարող ես դնել, Հայաստանում Դուք դրեք պրոբլեմները ու դրեք այդ 3 մարդկանց, ու երբ որ հանդիպենք, ասեք, թե այդ պրոբլեմները ո՞վ կարող է լուծել, ու եթե կարող էր լուծել, ինքն ինչո՞ւ էր այլ կյանքով ապրել, հիմա նոր ուզում է այդ պրոբլեմը լուծել:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս