«Եղվարդշինի» տնօրենի նպատակը գյուղացիների հետ կոնֆլիկտ հրահրելն էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հրդեհ է բեռնկվել, որը մեծ վնաս է պատճառել գյուղացիներին:

Նոյեմբերի 3-ին Վերին Կարմիրաղբյուրի մի խումբ գյուղացիներ Երեւանում՝ նախագահական նստավայրի առաջ, արտահայտել են իրենց բողոքը: Նախագահի աշխատակազմի աշխատակիցներն ընդունել են նրանց, լսել սահմանամերձ գյուղի բնակիչների մտահոգությունները: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ դեռեւս տեղյակ չէ, թե նախագահի աշխատակազմից իր համագյուղացիներին ինչ են հայտնել: Գյուղապետի խոսքերով՝ սեպտեմբերի կեսերին իրենց գյուղ է եկել «Եղվարդշին» ԲԲԸ տնօրեն Սամվել Վարդանյանը, ում պահվածքը դուր չի եկել սահմանամերձ գյուղի բնակիչներին:

Գյուղապետի տպավորությամբ Ս. Վարդանյանը Վերին Կարմիրաղբյուր էր եկել գյուղացիների հետ կոնֆլիկտ հրահրելու նպատակով: Ս. Վարդանյանն ասել է, թե պատրաստ է հրդեհի հետեւանքով կորսված խաղողի բերքի յուրաքանչյուր կիլոգրամի համար 100 դրամ փոխհատուցել, իսկ խաղողի` մեկ հեկտարից սպասված, բայց ոչնչացված բերքի չափն էլ համարել է 7 տոննա: Սամվել Վարդանյանն այդ հանդիպման ժամանակ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներին ասել է, որ նրանց հետ փոխհամաձայնության չգալու դեպքում իրենց ընկերության եռակցողը կարող է բանտ նստել, բայց ինքը հետո բանտից կհանի նրան, իսկ գյուղացիները ձեռնունայն կմնան:

Գյուղապետն ասաց, որ իրենք այս տարի խաղողը մթերել են 140 դրամով, խաղողի այգու 1000 քառակուսի մետրից էլ 1-1.5 տոննա բերք են ստացել: Նա հայտնեց, որ հարուցված քրեական գործի քննության ընթացքում նվազել են հրդեհից վնասներ կրած ընտանիքների եւ այգիների տվյալները: Եթե նախկինում խոսք էր գնում 48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների մասին, ապա այժմ՝ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին է նշվում: Գյուղապետը տեղեկացրեց, որ այդ հանդիպումից հետո Սամվել Վարդանյանն առանձին-առանձին հանդիպել է նյութական վնասներ կրած գյուղացիների հետ, փորձել նրանց համոզել, որ ցածր գներով փոխհատուցի կրած վնասները, սակայն գյուղացիները չեն համաձայնել:

Նշենք, որ հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում: Մեզ հետ զրույցում Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետն ասաց, թե քննիչն ասել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի համապատասխան փորձագետ, ով կկարողանա գնահատել այգիների կրած վնասների չափերը:

Ի դեպ, «Եղվարդշին» ԲԲԸ-ն հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության: Հետաքրքիր է՝ արդյոք դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործում ուշադրություն կդարձվի այդ կարեւոր հանգամանքին:

Ոսկան Սարգսյան




Լրահոս