Երգիչ Միհրան Ծառուկյանի մոտ բուռն աշխատանքային շրջան է. նա այժմ «Ֆուլ հաուս» սիթքոմում հանդես է գալիս որպես դերասան, այս անգամ՝ հումորային ժանրում: Միաժամանակ զբաղվում է նաեւ երգչի իր կարիերայով: Սակայն, ինչպես պարզեցինք, երիտասարդ երգիչը դեռ պատրաստ չէ իր գործունեության հետ կապված քննադատական կարծիքներ լսել: Համենայն դեպս «Ժողովուրդը»-ի հետ զրույցում նա նման հարցադրումից նկատելիորեն վրդովեց:
-«Ֆուլ հաուս» սիթքոմում երկրորդ անգամ ներկայացաք որպես դերասան, բայց արդեն՝ հումորային կերպարում. դա ռիսկային քայլ չէ՞ր:
-Ինչպես միշտ՝ ռիսկի գործոնը մեծ էր, բայց, հավատալով տղաներին, սկսեցինք միասին աշխատել: Գրիգոր Դանիելյանն ու Մենչն օգնում են շատ հարցերում, ես էլ փորձում եմ մաքսիմալ լավ խաղալ: Թեեւ դերասանական կրթություն չունեմ, բայց արդեն որոշակի փորձ ունեմ «Դժվար ապրուստ»-ից: Իմ կերտած կերպարը դեռ պետք է հղկվի, բայց, կարելի է ասել, հունի մեջ եմ ընկել:
-Միհրա՛ն, փորձը ցույց է տվել, որ «Հայ սուպեր-սթարի» որոշ մասնակիցներ, այդ թվում՝ Դուք, ավելի մեծ ճանաչում եք ձեռք բերել, մեծ քայլերով առաջ գնացել շոու-բիզնեսում, քան հաղթած մասնակիցները, ո՞ր գործոնները Ձեզ օգնեցին այդ հարցում:
-Ճիշտն ասած՝ ես հատուկ ոչինչ չեմ արել ճանաչվելու համար: Եթե ունեմ հաջողություններ, ապա դրանք ժողովրդինն են:
-Սրտակերի կերպարից չե՞ք հոգնել:
-Դա ես չեմ որոշել…Պարզապես ասեմ, որ լինում է ժամանակ, երբ ուզում ես հանգստանալ այդ աշխույժ կյանիքց, աժիոտաժից, բայց հետո շուտ վերադառնում ես աշխատանքի, դա նորմալ է: Եթե դու հայտնի մարդ ես, հասարակության կողմից ուշադրության կենտրոնում ես, այդ խոսակցությունները պետք է լինեն…
-Էքսցենտրիկ կերպար, պարուհի, երգչուհի Վարդայի հետ համագործակցելը միտված էր է՛լ ավելի ճանաչվելո՞ւն, թե՞ գուցե կոմերցիոն քայլ էր:
-Ոչ մի նման միտումնավոր քայլ չի եղել, մեր համագործակցությունը վաղուց էր պլանավորված:
-Նա Ձեր արվեստին ծանո՞թ է, Ձեր երգերը հավանո՞ւմ է:
-Ճիշտն ասած՝ մենք միմյանց այդքան էլ ծանոթ չենք եղել:
-Բայց այդ դեպքում ինչպե՞ս եք որոշել համագործակցել:
-Պրոդյուսերների համաձայնությամբ, նրանք են որոշել:
-Երկրպագուները ե՞րբ սպասեն Ձեր երեւանյան մենահամերգին:
-Ես շատ եմ ուզում մենահամերգով հանդես գալ, տեսնենք՝ գրաֆիկն ինչպես կդասավորվի:
-Այսինքն՝ համապատասխան ֆինանսական միջոցներ ունե՞ք:
-Դե, այդ մասին չեմ ուզում խոսել, եթե որոշեմ անել, ուրեմն՝ ունեմ: Բայց ուզում եմ լավ արվի, ուստի շուտ է այդ մասին խոսել:
-Այսօր հայ երգիչների շրջանում ավելացել են, այսպես կոչված, «տաշի-տուշի» երգերը, կարծես թե պարային երգերի քանակը Ձեր երգացանկում էլ է ավելացել…
-Ի՞նչ նկատի ունեք՝ «տաշի-տուշի» երգեր ասելով, 6/8 ֆորմատի երգե՞րը:
– Այո, 6/8 ֆորմատի պարային երգերը:
-Դուք նման երգերի տակ առիթների ժամանակ չե՞ք պարում (նյարդայնացած ձայնով Ա. Բ.):
-Պարում ենք, բայց, իմ կարծիքով, ամեն երաժշտություն իր տեղն ունի, մինչդեռ հիմա հենց այդպիսի 6/8 ֆորմատի երգերն են գերակշռում: Ձեր կարծիքով` դրանք մի քիչ շատ չե՞ն:
-Կոմերցիոն երգեր հիմա բոլորն են ներկայացնում, կարելի է ասել, փորձում են այնպես անել, որ երգացանկում ե՛ւ արվեստը զգալի լինի, ե՛ւ կոմերցիան:
-Ես գիտեմ Ձեր երկրպագուներից շատերին, ովքեր «Հայ սուպեր-սթար» մրցույթի շրջանակներում բոլորովին այլ աչքով էին Ձեզ նայում, իսկ մրցույթից հետո, Ձեր արվեստին հետեւելով, ասում են. «Ախր մենք գիտենք, որ այս տղան կարող է ավելի որակյալ երաժշտություն ներկայացնել, ինչո՞ւ դա չի անում». ի՞նչ կպատասխանեք նրանց:
-Դա ո՞վ ա ասել:
-Արդեն նշեցի՝ Ձեր բազմաթիվ երկրպագուներից եմ նման կարծիք լսել…
-Ես, օրինակ, շատ մարդկանցից չեմ լսել, ի՞նչ ասեմ, ինչի՞ն պատասխանեմ: Այսպիսի մի բան ասեմ, ու ավարտենք այս հարցազրույցը: Ես չեմ հերքում, որ իմ մասին վատ բաներ կարող են ասել, որ հնարավորություն ունեմ, բայց չեմ անում լավ որակի երգեր, դա հնարավորա, շատ նորմալա… Ես չեմ տեսել ու չեմ էլ լսել, որ որեւէ մեկի մասին բոլորը շատ լավ կարծիք ունենան, գիտե՞ք: Եկեք այսքանով բավարարվենք, շնորհակալություն:
Աննա Բաբաջանյան
Ստորև ներկայացնում ենք Միհրան Ծառուկյանի ու Varda-ի համատեղ տեսահոլովակը.