Շիրակի մարզում կարկտահարությունից 40 համայնք է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառվա ընթացքում Շիրակի մարզում տեղացած կարկուտի պատճառով գյուղացիների բերքի հիմնական մասը ոչնչացվեց: Կան համայնքներ, որտեղ ցանքատարածություններն ավերվեցին 100 տոկոսով:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանն անձամբ այցելեցին կարկտահարված տարածքներ, ծանոթացան կորուստների չափերին: Աբրահամյանի` գյուղացիներին օգնելու խոստումներից հետո գործադիրն այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկեց: Հաշվի առնելով վնասի մեծ չափը՝ որոշվեց գյուղացուն նախորդ տարիներին տրամադրված սերմնացուների՝ հետ վերադարձնելիք գումարների մասին խոսել 2015 թվականի կեսերին:

Շիրակի մարզի որոշ գյուղացիական տնտեսություներ դեռեւս 2013 թվականին ստացել էին աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: 2014 թվականի բերքահավաքից հետո գյուղացին ստացված բերքից 1-ը երկուսի հարաբերակցությամբ պետք է պետությանը հետ վերադարձներ: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացանք, որ «հաշվի առնելով գյուղացու ծանր վիճակը՝ եկող տարի քննարկումներից հետո միայն կորոշվի՝ արդյո՞ք հետ վերադարձվելիք գումարի չափը նույնն է մնալու, թե հօգուտ գյուղացու զեղչեր են արվելու»:

Մարզպետարանից տեղեկացանք նաեւ, որ այս տարի կարկտահարված համայնքներին գարնանացանի համար անվճար հացահատիկի սերմացուներ կտրամադրվեն: Սերմացուները ներմուծվել են Ռուսաստանի Դաշնությունից եւ էլիտար տեսակի են: Ներկա պահին դրանք ներկրվում են Շիրակի մարզ՝ համայնքներին տրամադրելու նպատակով: Միջին հաշվով 1հա-ի համար տրվելու է 40-50կգ փոխհատուցում:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Շիրակի մարզում կարկտահարությունից տուժել էր շուրջ 40 համայնք:

Արեւիկ Հակոբյան




Լրահոս