Սահմանագոտու բնակիչների հոգսը թեթևացնելու փոխարեն՝ ավելացնում են հարկային բեռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստիճանաբար ավելանում է Տավուշի մարզից Հայաստանի պետական բյուջե հավաքագրվող հարկերի գումարի ծավալը, որը ամսական հարյուրավոր միլիոն դրամ է կազմում: Տավուշի տարածքային հարկային տեսչությունը կատարում է «պլանը»: Ինչպես հայտնի է` սահմանամերձ մարզում մեծ ձեռնարկություններ գրեթե չկան, ուստի հարկային բեռն ընկնում է փոքր ձեռնարկությունների վրա, որոնք ստիպված են «ձգել գոտիները»: Մարզի խոշոր հարկատուները՝ Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը, Հաղարծին գյուղի տարածքում գործող, բետոն արտադրող «Ֆլիշինը», Դիլիջանի միջազգային դպրոցը գրանցված են խոշոր հարկատուների վարչությունում եւ Երեւանում են հարկ մուծում:

Տավուշի մարզում կատարվող խոշոր ծրագրերը, օրինակ՝ Նոյեմբերյանում, Բերդում խմելու ջրագծերի նորոգման աշխատանքները, Դիլիջան քաղաքում շինարարական տարբեր աշխատանքները, այժմ նաեւ՝ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը, իրականացնում են ոչ թե Տավուշի մարզում, այլ «դրսում» գրանցված, Հայաստանի այլ տարածքներում հարկ վճարող ընկերությունները:

Հայաստանի հեռավոր սահմանին՝ ադրբեջանական նշանառության տակ գտնվող Չինարիում, Կոթիում, Բերքաբերում աշխատող փոքր կրպակները բարեխղճորեն հարկ են մուծում իրենց կատարած «նիսյա» առեւտրից, մինչդեռ Հայաստանի օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի բուֆետը հարկային դաշտից դուրս է: Իսկ իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորները շարունակում են ԱԺ ամբիոնից ճառել Հայաստանի սահմանագոտու հանդեպ պետական հոգածության անհրաժեշտության մասին, սակայն սահմանագոտու բնակիչների հոգսն իրապես թեթեւացնող օրենսդրական նախաձեռնություններին այդպես էլ ընթացք չեն տալիս:




Լրահոս