Ռիչարդ Մադլենյան. մաֆիայի ղեկավարից մինչև դահիճ (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու-բիզնեսի փոփ երգերի զգալի մասի «կնքահայր», տարիներ առաջ սերիալներում փայլատակող «պոչիկով տղան», նույն ինքը՝ երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը, շուտով կրկին կհայտնվի էկրաններին, այս անգամ արդեն՝ գեղարվեստական ֆիլմերի շրջանակներում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է նաեւ, որ որակյալ երաժշտությունը ռեալիզացնելը մնում է գերխնդիր. չէ՞ որ անգամ կառավարության անդամներն են անորակ երաժշտության ներքո պարում:

-Ռիչա՛րդ, սերիալներից հրաժարվելու հիմնական պատճառը ո՞րն էր:

-Արդեն 4 տարի է՝ եթերում չկամ. հոգնեցի անիմաստ սերիալներում տարիներով նկարահանվելուց, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխատավարձերը հասել են մինիմումի, ծիծաղելի թվեր են շրջանառվում, այդ պատճառով էլ հրաժարվեցի նկարահանվելուց: Այսօր հեռուստադաշտում մոնոպոլիա է տիրում, բոլոր հեռուստաընկերությունները համարյա մեկին են պատկանում, մրցակցությունը վերացել է, ուստի դերասաններն էլ աշխատավարձերից դժգոհ լինելու դեպքում չեն կարողանում փոխել հեռուստաընկերությունը:

-Այսինքն՝ Ձեզ էկրաններին էլ չե՞նք տեսնի:

-Կտեսնեք, բայց արդեն գեղարվեստական ֆիլմերում: «LA Casting Studioե-ի հետ համագործակցելով՝ նկարահանվել եմ մի կոմեդիայում, որտեղ կերտել եմ մաֆիայի ղեկավարի կերպարը: Հանդես եմ եկել նաեւ Արա Երնջակյանի «Ժաննա դ՝Արկ» տրագիկոմեդիկ ֆիլմում, որտեղ կերտել եմ դահիճի կերպար. շատ ծիծաղելի է ստացվել: Գեղարվեստական ֆիլմերի ոլորտն արդեն ինձ համար ուրիշ նշանակություն ունի. այն ավելի լուրջ մոտեցում է պահանջում:

-«Տուրանդոտ» օպերայով նշանավորվեց Ձեր վերադարձը ոլորտ. գործունեությունը շարունակակա՞ն է:

-Այո՛, այդ օպերայում հանդես գալը լուրջ քայլ էր, հիմա էլ ակտիվորեն աշխատում ենք Լեւոն Ջավադյանի հետ, շուտով Բելառուսում կմասնակցենք մեծամասշտաբ միջազգային մրցույթի:

3

-Վարձատրությունից գո՞հ եք:

-Ես գոհ եմ իմ հոնորարից, հատկապես, երբ այն համեմատում եմ սերիալներից ստացված հոնորարի հետ՝ չհաշված հոգեւոր բավարարվածությունը:

-Այսինքն՝ սերիալային դաշտում հոնորարներն այդ աստիճան իջե՞լ են:

-Դե, եթե նախկինում ամենալավ դերասանն ամսական մի միլոն էր ստանում, հիմա այդ սահմանը հասել է 500 հազար դրամի: Էլ չեմ խոսում փողոցից «բռնած» անորակ դերասանների մասին, ովքեր 50-100 հազար դրամով են նկարահանվում:

-Ռիչա՛րդ, մարդիկ շատ են քննադատում Ձեր ստեղծած երաժշտության որակը, բայց գաղտնիք չէ, որ անգամ «վերին խավերը» դրա ներքո են պարում:

-Իհարկե, իսկ երբ, օրինակ, կառավարության անդամներն են անորակ երաժշտության ներքո պարում, «ներքեւի» ժողովուրդն էլ ո՞նց կարող է լուրջ բան լսել…

-Այսինքն՝ որակյալ երաժշտությունը ռեալիզացնելու խնդիրը մնում է արդիական…

-Ոչինչ չի փոխվել: Մեզ հոգեհարազատ երաժշտությունը շատ քիչ զանգված կսպառի:

-Փոփից բացի՝ այլ ոճի ստեղծագործություններ էլ ունե՞ք:

-Այո՛, կան նման գործեր, որոնք, սակայն, քիչ են պրոպագանդվում, մնում են դարակներում: Դրանք ունեն խորություն, հանրամատչելի չեն եւ հիմնականում դեռ չեն գտել իրենց տերերին, քանի որ եկամտաբեր չեն…

3

-Որոշակի տարիքից հետո մարդկանց մոտ ազդանշանի պես հնչում է ամուսնանալու միտքը. Ձեզ մոտ այդ պահն արդեն վրա հասե՞լ է:

-Ցավոտ հարց էր…Ինձ համար ընտանիք կազմելը երբեք գերխնդիր չի եղել: Փոխարենը նպատակ եմ ունեցել կյանքում որեւէ արժեք ստեղծել: Ընտանիք կազմելն ավտոմատ պրոցես է, որը պետք է տեղի ունենա բոլորի կյանքում, ես այդ մտքի վրա հատուկ չեմ կենտրոնանում: Իմ պատկերացմամբ՝ ընտանիքը պետք է ամուր լինի, եվրոպական արժեքներին զուգահեռ չկտրվի ազգային հիմքերից, այդ առումով ավանդական մոտեցումները գնահատում եմ: Այնուամենայնիվ, քի՞չ մարդիկ կան, որ ընտանիք չունեն, բայց պիտանի անձիք են:

-Իսկ մինչեւ հիմա ի՞նչ արժեք եք թողել:

-Որ ասեմ՝ իմ գործունեության արդյունքում ինչ-որ արժեք եմ թողել՝ սուտ կլինի. փոփը մեռնող երաժշտություն է, թեեւ չեմ բացառում, որ կարող են որոշ բաներ մնալ…Երեւի դեռ պետք է կյանք ապրել՝ որեւէ բան թողնելու համար, հուսով եմ՝ կհաջողվի:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ Esem.am-ի, Bravo.am-ի և Erit.am-ի




Լրահոս