2013 թվականին Ծաղկաձորում հանգստացողների թիվը կազմել է 90-100 հազար: Իսկ 2014-ին Ծաղկաձոր այցելած զբոսաշրջիկների եւ հանգստացողների թիվը դեռեւս հստակեցված չէ, այն կամփոփվի տարեվերջին:
Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրական տուրիզմը զարգացնողները ռուսներն են, քանի որ նրանք են, որ քաղաքին գումար են բերում:
«Գաղտնիք չէ, որ արեւմտյան երկրների քաղաքացիները մինչեւ թոշակառու դառնալն իրենց այնքան էլ շքեղություն թույլ չեն տալիս, ինչը չի կարելի ասել Սովետմիության անդամ երկրների քաղաքացիների մասին, որոնցից էլ մենք օգտվում ենք»,-ավելացրեց քաղաքապետը:
Մեր այն հարցին, թե ինչու են հայաստանցիները նախընտրում հանգստի մեկնել այլ երկրներ, քան գալ Ծաղկաձոր, քաղաքապետն անկեղծորեն պատասխանեց, որ իրենց մոտ գները թանկ են: «Առհասարակ լեռնադահուկային կենտրոններում հանգստանալն ամբողջ աշխարհում թանկ հաճույք է: Մեզ մոտ մաքրում են ձյունը, սպառում մեծ քանակությամբ գազ, ջրերի ֆիլտրացումն ավելի հաճախակի է արվում, մինչդեռ արաբական տաք երկրներում նման խնդիր գրեթե չկա»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Ծաղկաձորում այլեւս չկան ազատ հողակտորներ, քանի որ դրանք գրեթե բոլորը հանրային գերակա շահի տեսքով օտարվել են որոշ օլիգարխների, քաղաքապետ Ա. Հարությունյանն ասաց. «Ծաղկաձորն այնքան հող չունի, որ հանվի վաճառքի: Եթե պետության կողմից այլ ծրագրեր առաջ են քաշվում, որոնք նպատակ են հետապնդում քաղաքի սպորտային կողմը զարգացնել, այդ դեպքում որոշ սեփականաշնորհումներ լինում են, եւ ճանաչվում է գերակա շահ, իսկ սեփական նպատակների համար Ծաղկաձորի պատմության մեջ նման դեպք չի գրանցվել»:
Ի դեպ, այսօր Ծաղկաձորում տարվում է նոր քաղաքականություն, որն ըստ քաղաքապետի՝ ուղղված է բնակիչների սոցիալական վիճակի բարելավմանը: Որպեսզի ծաղկաձորցին կարողանա հեշտ վաստակել իր օրվա ապրուստը, բնակելի տները պետք է վերածվեն փոքրիկ հյուրանոցների: Այս քաղաքականության արդյունավետ իրագործման դեպքում կշահի ոչ միայն 350 տնտեսությունից բաղկացած Ծաղկաձոր քաղաքը, այլեւ կբարձրանա մեր երկրի տուրիզմի որակը:
Քաղաքապետը նաեւ նշեց, որ պետության կողմից այսօր արվում է ամեն ինչ, որ Ծաղկաձորում տուրիզմը սեզոնային բնույթ չկրի, այլ քաղաքը ամբողջ տարին դառնա հանգստյան գոտի: Ի վերջո, պատահական չէ, որ բոլոր խաղատները կենտրոնացվել են Ծաղկաձոր քաղաքում:
Արեւիկ Հակոբյան