Դեռեւս դեկտեմբերից ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվում էր ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի՝ 1989-ին ստեղծած «Հայաստան» որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու հարցը: Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնվող որմնանկարի վտանգված լինելու ահազանգը նախարարությանը հասել էր գրեթե մեկ տարի առաջ, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված անգամ որմնանկարի՝ նոր կարգավիճակ ստանալուց հետո: Նկարի համահեղինակ Խաչիկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ որմնանկարն ամեն ցնցումից տատանվում է, դրա վրա ճաքեր են գոյացել, եւ այն հարկավոր է շտապ ամրացնել:
«Ինչ-որ վանդալներ որմնանկարի ներքեւի մասում խզբզել էին, հետո վերականգնման փորձեր էին արվել՝ առանց որեւէ մեկի թույլտվության, եւ որմնանկարը վնասվել էր»,-տեղեկացրեց նկարիչը: Կազմվել է հանձնաժողով, որը որոշել է՝ որմնանկարն արվեստի բարձրարժեք ստեղծագործություն է եւ վերականգնման կարիք ունի: Նկարիչն այդ խնդրով դիմել է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, սակայն իրեն պատասխանել են, որ այս տարի այդ նպատակով գումարներ հատկացնել չեն կարող, քանի որ որմնանկարի խնդիրն իրենց ծրագրերում չկա:
Գործակալության տնօրեն Արմեն Աբրոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրենք հորդորել են պաշտպանության նախարարությանը, որ վերջինս՝ որպես հուշարձանի օգտագործող, ստանձնի այն չվնասելու, իսկ վնասելու դեպքում՝ վերականգնելու պարտավորություն: Մեր այն հարցին, թե որմնանկարն ամրակայելու, պատը հաստացնելու համար ով պետք է վճարի, Ա. Աբրոյանը պատասխանեց. «Այլեւս՝ օգտագործողը, տվյալ դեպքում՝ պաշտպանության նախարարությունը»:
Նկարչի խոսքով՝ խնդրահարույց է այն հարցը, որ ակումբը, որտեղ գտնվում է որմնանկարը, ԽՍՀՄ փլուզումից հետո դարձել էր «Գազպրոմի» սեփականությունը, հետո անցել այնտեղ տեղակայված զորամասին, որն ամեն րոպե կարող է օտարվել այնտեղից. «Այս պահին տարածքից վտանգ դեռ չկա, մենք հնարավորինս ամեն բան անում ենք՝ որմնանկարը պահպանելու համար»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ համաձայնելով մեր այն պնդման հետ, որ ՊՆ-ն, բացի չվնասելուց, ուրիշ ոչինչ չի կարող անել խնդիրը լուծելու համար: Նա մշակույթի նախարարությանն առաջարկեց համատեղ հանձնախումբ ստեղծել՝ որմնանկարի ճակատագիրը որոշելու համար:
Աննա Բաբաջանյան