ԱՎՏՈՊԻԼՈՏԻ ՌԵԺԻՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այսօր, ըստ էության, անիշխանություն է: Որքան էլ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը խոստանա, որ Տիգրան Սարգսյանն է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը, միեւնույն է, ՀՀ կառավարության ղեկավարը կիսաճամպրուկային տրամադրության մեջ է: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիշում է Տիգրան Սարգսյանի ժպիտն ու մեկը մեկից ուշագրավ հայտարարությունները: Իսկ հիմա նա լռում է, չի աշխատում նախկին էնտուզիազմով կամ վստահությամբ, քանի որ դեռ անձամբ չի կարդացել իր նոր հրամանագիրը: Նույն կարգավիճակում է նաեւ գործադիր մարմնի ամբողջական կազմը՝ ընդամենը մեկ-երկու բացառություններով: Շատ նախարարներ անգամ այս օրերին իրենց իրերն են հավաքում: Իսկ մնացածներն էլ վայելում են իրենց նախարարական արձակուրդի գուցե վերջին օրերը: Ու ընդհանուր առմամբ Հայաստանում գործունեություն ծավալող բարձրաստիճան չինովնիկները անձնական պատասխանատվություն չեն զգում իրենց ոլորտի նկատմամբ: Ավելին, գործադիրում այսօր գերիշխում է «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի սկզբունքը:
Կաթվածահար վիճակում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը: «Հին ղեկավարը» ճամփորդում է, ԱԺ նիստերը մի քանի անգամ քվորումի բացակայության պատճառով չկայացան: Միայն մեկ-երկու պատգամավորներ են գնում խորհրդարան՝ տեխնիկական հարցեր կարգավորելու, մյուսները՝ անձնական իրերը հավաքելու համար:
Ու ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության գործադիր եւ օրենսդիր մարմինները այսօր մատնված են անգործության: Չկա քաղաքական էլիտա ասվածը, բոլորն ընդհատակում են: Միայն ամիսներ հետո կիմանանք, թե կոնկրետ ոլորտներում այս օրերին ինչպիսի խայտառակ որոշումներ են կյանքի կոչվել: Իսկ լավագույն դեպքում շատ հարցեր այս օրերին լուծում չեն ստանում: Շարունակ հետաձգվում են՝ մինչեւ «տեսնեն՝ ինչ կլինի»:
Իհարկե, իշխանական դաշտում անորոշ վիճակ կարող է լինել, ինչը նույնիսկ քաղաքագիտական առումով ինչ-որ բացատրություն կունենա: Ի վերջո, խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, պիտի երկրում իրավիճակ փոխվի: Բայց այն անպատասխանատվության մթնոլորտը, որում այսօր մենք ապրում ենք ու այն իրավիճակը, որը ձեւավորվել է մայիսի 6-ից հետո, դժվար թե որեւէ երկրում այսքան երկար հանդուրժելի լիներ: Իրադարձություններին հետեւելիս տպավորություն է ստեղծվում, որ այսօր մեր երկրում գլխավոր հարցը շարունակում է մնալ ոչ թե, օրինակ, ՆԱՏՕ-ի՝ Արցախի մասին ընդունված փաստաթուղթը, այլ այն, թե ով ինչքան մանդատ ու պաշտոն պետք է ստանա կամ ով ինչպես պարեց Սամվել Ալեքսանյանի «Փարվանա»-ի քեֆին: Նկատենք, որ մեր երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի առօրյան էլ մեծամասամբ անցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմել-չկազմելու խնդրի քննարկմամբ եւ ԲՀԿ-ին համոզելու մղումներով, թե «Ребята, давайте жить дружно»: Բայց իշխանական պաշտոնները բաշխելուց բացի, նախ պետք է երկիրը պահել, որպեսզի մարդկանց մեջ պաշտոնյա դառնալու ցանկություն մնա:




Լրահոս