
Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանատունը Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Թբիլիսիի Ն. Դումբաձեի անվան պետական թատրոնում, ինչը, բնականաբար, հարուցել է ադրբեջանցիների հիստերիան: Նրանց կողմից վերահսկվող որոշ վրացական լրատվամիջոցներ քննադատել են միջոցառման կազմակերպիչներին` դրանց թվում նշելով նաեւ «Վիրահայերի միությանը»: Սակայն մայիսի 12-ին, արձագանքելով ադրբեջանական շրջանակների շահերը սպասարկող «Գրուզինֆորմ» կայքի քննադատությանը, «Վիրահայերի միություն»-ը հանդես է եկել խայտառակ հայտարարությամբ` ոչ միայն հերքելով իր մասնակցությունը Շուշիի ազատագրման 20-ամյակի միջոցառմանը, այլեւ դա որակելով որպես սադրանք եւ ապատեղեկատվություն: Փաստորեն, Վրաստանի հայերի անունից հանդես եկող այդ կազմակերպության համար Շուշիի ազատագրման 20-ամյակը տոնելը հավասարազոր է սադրանքի: