ԲՀԿ-Ն ՍՊԱՍՈՒՄ Է ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը դեռեւս որեւէ նիստ չի արել եւ ոչ մի որոշում չի կայացրել կոալիցիա կազմելու վերաբերյալ: Ըստ մեր զրուցակցի՝ կուսակցությունը դեռ սպասում է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշմանը:
-Քաղաքական դաշտն անորոշության մեջ է. բոլորը սպասում են, թե «Բարգավաճ Հայաստան»-ը երբ է խախտելու լռությունն ու ինչ որոշում է կայացնելու: Ի վերջո, ի՞նչ է կատարվում կուսակցության ներսում:
-Ուրեմն ասեմ, որ ոչ մի տեղեկություն չունեմ:
-«Բարգավաճ Հայաստան»-ը որեւէ նիստ չի՞ արել` քննարկելու եւ որոշելու համար, թե, ի վերջո, ինչ է անելու:
-Քննարկումից տեղեկություն չունեմ, քանի որ չի էլ եղել նմանատիպ խնդիր, որեւէ քննարկում, որ խորհրդով հավաքվենք: Առայժմ նման քննարկումներ չեն եղել: Մենք որեւէ ինֆորմացիա առ այսօր չունենք, թե ինչ է մտածում Ծառուկյանը, եւ ինչ քննարկումներ են գնում, մենք տեղեկություններ չունենք:
-Այսինքն՝ ամբողջ կուսակցությունն անհամբեր սպասում է, թե ինչ որոշում է կայացնելու Գագիկ Ծառուկյանը:
-Այո՛, բայց ասեմ, որ դեռեւս նման խնդիր չի առաջացել, ու նման քննարկում չի եղել:
-Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ՝ Ձեր կարծիքը չե՞ք արտահայտել կուսակցության առաջնորդի մոտ, Դուք ինքներդ ցանկանո՞ւմ եք կոալիցիա կազմել Հանրապետականի եւ «Օրինաց երկրի» հետ, թե՞ ոչ:
-Ճիշտն ասած` ես Ազգային Ժողովի ընտրություններից հետո մի քիչ առանձնացա, քանի որ խնդիրներ ունեի. ոչ թե քաղաքական, այլ անձնական, իմ խնդիրներով էի զբաղված, դուրս չեմ եկել շրջանից: Չեմ շփվել, որպեսզի հասկանայի, թե ինչ է կատարվում:
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականներին հրահանգել են չշփվել լրատվամիջոցների հետ, մինչեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշում կկայացնի՝ կոալիցիա կազմելու հետ կապված:
-Ես նման հրահանգ չեմ ստացել:
-Պարո՛ն Գասպարյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այսպիսի անկայուն վիճակ է ստեղծվել:
-Իսկ ինչի՞ է անկայուն վիճակ ԲՀԿ-ում:
-Անկայուն է այն առումով, որ կուսակցությունը հստակ չի հայտարարում` ինքը ցանկանում է կոալիցիա ձեւավորել, թե ոչ, իսկ ԲՀԿ-ականները ամեն կերպ խուսափում են շփվել լրատվամիջոցների հետ եւ այդ թեմայի շուրջ զրուցել:
-Ժողովուրդն է սպասում դրան, բայց ես չգիտեմ, թե ինչ է որոշել Ծառուկյանը, բայց եթե ժողովուրդը սպասում է դրան, դա դեռ չի նշանակում, որ կուսակցության ներսում անկայուն վիճակ է: Երեւի որ չեն խոսում, ուղղակի ինֆորմացիա չունեն:
-Դուք անձամբ տեղյա՞կ չեք, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն ինչի է սպասում` որոշում կայացնելու համար:
-Իսկապես տեղեկություն չունեմ:
-Իսկ որպես ԲՀԿ անդամ՝ Դուք ցանկանո՞ւմ եք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, Հանրապետականը եւ «Օրինաց երկիր»-ը կոալիցիա կազմեն:
-Դա իմ ցանկանալու բանը չէ, Ծառուկյանի որոշելու խնդիրն է, իհարկե նաեւ քննարկման արդյունքներում որոշում կկայացվի, ես իմ անձնական կարծիքը չասեմ հա՞:
-Ինչո՞ւ, հետաքրքիր է ԲՀԿ-ականի կարծիքն իմանալ կոալիցիա կազմելու վերաբերյալ:
-Չէ՛, չեմ ուզում ասել: Դեռ սպասենք:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս