Սահմանադրական դատարանը մեզ լույսի արագությամբ ԵՏՄ է տանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ինչպես հայտնի է՝ ՀՀ ՍԴ-ում պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին` մյուս ուրբաթ: ԵՏՄ պայմանագիրը քննարկելու մասին Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման համաձայն՝ գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ անդամներ Վլադիմիր Հովհաննիսյանը եւ օրերս Եվրոդատարանից Հայաստան վերադարձած Ալվինա Գյուլումյանը:

Վերջինիս այս գործով զեկուցող նշանակելու փաստն ինքնին ուշագրավ է: Գյուլումյանը ՍԴ անդամի իր լիազորությունները ստանձնել է այս տարվա հոկտեմբերի 23-ից: Մինչ այդ նա տասը տարի շարունակ եղել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում կամ, ինչպես ընդունված է ասել, Եվրոդատանում Հայաստանի կողմից նշանակված դատավորը: ԵՏՄ համաձայնագրի գործը ՍԴ անդամի պաշտոնում վերանշանակվելուց հետո լինելու է առաջինը, որտեղ նա հանդես է գալու որպես զեկուցող: Հիրավի զավեշտ է: Ալվինա Գյուլումյանը, որը տասը տարի ապրել է Եվրոպայի սրտում` Ստրասբուրգում, կարելի է ասել՝ վայելել է եվրոպական քաղաքակրթության բերկրանքը, այժմ պետք է հիմնավորի, որ Ռուսաստանի մաս դառնալը չի հակասում ՀՀ սահմանդրությանը: Կասկած չկա, որ նա դա կանի, թեկուզ իր վերանշանակումն արդարացնելու համար:

Ի դեպ, ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման հարցում ՍԴ-ն, մեղմ ասած, սպրինտային արագություն է դրսեւորել: Պայմանագրի քննարկման նպատակով նիստը, փաստորեն, նշանակել են փաստաթղթի մուտք լինելուց ընդամենը երկու շաբաթ հետո: Սովորաբար ՍԴ-ն միջազգային համաձայնագրերի քննարկումը նշանակում է համապատասխան աշխատակարգային նիստից առնվազն մի 20 օր հետո: Այդ մոտեցման նպատակն այն է, որ ՍԴ աշխատակազմը հնարավորություն ունենա ուսումնասիրելու միջազգային համապատասխան համաձայնագիրը եւ եզրակացություն պատրաստելու: ԵՏՄ-ի դեպքում աշխատակարգային նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին: Քանի որ ի սկզբանե որոշված էր, թե ՍԴ-ն ինչ պետք է գրի իր որոշման տեքստում, որոշել են անիմաստ ժամանակ չկորցնել:

Արդեն հայտարարվել է, որ ՀՀ իշխանությունները ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացումը նախատեսել են նոյեմբերի 17-18-ին, այդ օրերին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում: Սակայն այս բլիցի ընթացքում փոքրիկ «խոչընդոտներ» կարող են լինել` շաբաթ-կիրակի օրերի տեսքով: Բանն այն է, որ ՍԴ-ի նիստն ուրբաթ օրն է նշանակված, եւ եթե անգամ ՍԴ-ն ձեւական կողմը չպահպանի ու հենց նույն օրը նիստ հրավիրելուց անմիջապես հետո հայտարարի, որ որոշումը պատրաստ է, եւ անմիջապես այն ուղարկեն ԱԺ, միեւնույն է՝ «խոչընդոտի» խնդիրը չի լուծվում:

Ի դեպ, ՍԴ-ն խորհրդարանից մի հարյուր մետր է հեռու, ասենք՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանը կարող է փաստաթուղթը քայլելով տանել եւ մի 5 րոպեից դնել Գալուստ Սահակյանի սեղանին: Բայց մեկ-երկու աշխատանքային օր էլ է հարկավոր լինելու, որպեսզի պայմանագիրն ԱԺ-ում պատշաճ շրջանառության մեջ դրվի, համապատասխան հանձնաժողովում քննարկվի եւ այլն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները կա՛մ պետք է հերթական անգամ ՀՀ օրենսդրությունը խախտեն` ռուսներին իրենց հնազանդությունը մեկ օր շուտ ի ցույց դնելու համար, կա՛մ էլ ահը սրտներում՝ ԱԺ արտահերթ նիստը մի երկու օրով հետաձգեն: Այս ուշացման վտանգը կայանում է նրանում, որ ոչ իշխանականները կարող են առիթից օգտվել եւ փորձել ռուսներին համոզել, որ իրենք ավելի հնազանդ են ու եթե իրենք լինեին, նման դավադիր ձգձգումներ չէին անի:

Ինչեւէ, փաստ է, որ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը, չնայած հոկտեմբերի 10-ին ստորագրվել է, բայց միեւնույն է՝ այն դեռեւս ուժի մեջ չի մտել, եւ Հայաստանն էլ ԵՏՄ անդամ չէ: Սակայն ՀՀ կառավարությունը վերջին մեկ ամսում փաթեթով որոշումներ է ընդունում, որոնք բխում են Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից:

Կառավարության անցած շաբաթվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր նախագծերի մի ամբողջ տրցակ ներկայացրել, այս շաբաթ էլ` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Հասկանալի է, որ փաստաթուղթը ՍԴ-ի քննարկմանն ուղարկելը ձեւական բնույթ է կրում, այդ մարմինը` Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, կազդարարի, որ ԵՏՄ պայմանագիրը ոչ միայն չի հակասում ՀՀ սահմանադրությանը, այլեւ, ընդհակառակը, հենց մեր մայր օրենքից է բխում: ԱԺ-ն էլ ջախջախիչ մեծամասնությամբ կվավերացնի պայմանագիը. ոչ իշխանականներն ու ՀՀԿ-ականներն իրար ոտատակ կտան` ԵՏՄ-ի անդամակցությունը գովելու համար՝ փորձելով ապացուցել, թե իրենցից ով է ամենառուսահպատակը: Բայց կարելի է, չէ, գոնե ձեւական կողմը պահել եւ սպասել, մինչեւ փաստաթղթի վավերացման իրավական ընթացակարգն ավարտվի: Ի վերջո, իշխանական եւ ոչ իշխանական «կոդլով» իբր պետություն են ներկայացնում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս