ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏԵԼ Է ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հաղորդագրություն տարածվեց, որ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը: Երեւանի քաղաքապետի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, որն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից: Ուլիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նախկինում Նոր Նորք վարչական շրջանի փոխղեկավար է աշխատել:
-Ումի՞ց եք Նոր Նորք վարչական շրջանը ղեկավարելու առաջարկությունը ստացել:
-Քաղաքապետն է այդպես որոշել, որ ես ղեկավարեմ Նոր Նորք վարչական շրջանը:
-Դուք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնն էիք զբաղեցնում, իսկ այժմ պետք է մի ամբողջ վարչական շրջան ղեկավարեք, Ձեզ ինչպե՞ս եք պատկերացնում այդ պաշտոնում:
-Ես մինչեւ առողջապահության վարչության պետ լինելն աշխատել եմ Նոր Նորքի թաղապետարանում որպես թաղապետի տեղակալ ու շատ լավ եմ պատկերացնում համայնքային տնտեսությունը: Ես այնտեղ աշխատել եմ եւ պատկերացնում եմ իրավիճակը:
-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այդ պաշտոնից այլ տեղ էիք տեղափոխվել, ինչ-որ խնդիրնե՞ր ունեիք պարոն Գասպարյանի հետ:
-Բացարձակ, մենք երկուսս էլ նույն համայնքի բնակիչ ենք, այնպես որ մենք որեւէ խնդիր չենք ունեցել, ուղղակի այդպես որոշել է քաղաքապետը: Խնդիր չկա, ես լավ պատկերացնում եմ համայնքային տնտեսությունը:
-ՀՀԿ-ական եք, հնարավո՞ր է՝ Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ լավ եք աշխատել կուսակցության համար, դրա արդյունքում էլ արժանացել եք այս «պարգեւին»` որպես Ձեր աշխատանքի փոխհատուցում:
-Հայաստանի հանրապետական կուսակցության Նոր Նորքի տարածքային կազմակերպության փոխնախագահն եմ, ո՞նց կարող էի չաշխատել ԱԺ ընտրությունների ժամանակ: Այո՛, ես աշխատել եմ ՀՀԿ-ի համար:
-Ի՞նչ եք անելու Նոր Նորքի համար, որո՞նք են  լինելու Ձեր առաջին քայլերն այդ վարչական շրջանում:
-Ամեն ինչ անելու եմ համայնքի զարգացման համար, ամեն քայլս ուղղված է լինելու համայնքի զարգացմանը: Այսինքն` այն, ինչ անհրաժեշտ է բնակչությանը: Էլ առավել զարգացման համար եմ աշխատելու:
Հ. Գ. Լավատեղյակ աղբյուրների համաձայն ՝ Գասպարյանը այսօր պետք է Կիեւ մեկնի՝ գործնական հանդիպումների: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը շատ դժգոհ է ԱԺ ընտրությունների ժամանակ Գասպարյանի կատարած աշխատանքից, եւ դա է պատճառը, որ նրան պաշտոնանկ են արել:  Սակայն Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս Կիեւ չի մեկնելու. «Ես ոչ մի տեղ չեմ գնում, դա պետական այց պետք է լիներ, բայց հիմա չեմ գնում, քանի որ դիմում եմ գրել, դուրս եմ եկել»: Նա նշեց, որ իր դիմում գրելու պատճառը «անձնական  է, ՀՀԿ-ի հետ կապված խնդիր չկա»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս