Մասիսի գյուղերից մեկի բնակիչ, «Մատները կտրած Իվետ» մականունով 46-ամյա Իվետա Ազատի Սարգսյանը կդատվի ավելի թեթեւ հոդվածով, քան սպանությունը, թեեւ խանդի պատճառով կյանքից զրկել էր մի տղամարդու, եւ քրեական գործը հարուցվել էր սպանության հատկանիշներով:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 18-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ Սահմանապահների փողոցի 7-րդ տանը, ոմն Միսակին պատկանող տնտեսությունում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ սպանությունը կատարել է նույն գյուղի բնակչուհի Իվետա Սարգսյանը: Սպանության կասկածանքով նրան արագ ձերբակալել էին եւ նրա տանից նույնիսկ գտել հանցագործության գործիքը` արյունոտ դանակը: Նախնական տեղեկություններով՝ վերջինս վեճի էր բռնվել իր համագյուղացի Սամվել Բաղյանի հետ, դանակով հարվածներ հասցրել նրան, ինչի հետեւանքով 48-ամյա Սամվել Բաղյանը տեղում մահացել էր:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ քր.օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ու թեեւ սկզբում տեղեկություններ տարածվեցին, թե սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով, սակայն հետագա քննությունից պարզ դարձավ, որ իրական պատճառը խանդն է եղել: Իվետա Ազատովնան դեպքի օրը՝ փետրվարի 18-ին՝ ժամը գիշերվա 1-ի սահմաններում, եղել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի իր ընկեր Միսակ Սահակյանի տանը եւ գտնվել ալկոհոլի ազդեցության տակ: Հանկարծ նրա մոտ կասկած է առաջացել, որ Միսակն ու նրա ֆերմայի աշխատակցուհի Նարգիզ Սարգսյանը գտնվում են ինտիմ կապերի մեջ: Խանդի հողի վրա սկսել է վիճաբանել Նարգիզի հետ: Նրանց վիճաբանությունը հարթելու նպատակով միջամտել է Նարգիզ Սարգսյանի ամուսին Սամվել Բաղյանը: Սակայն Իվետան չի հանգստացել, շարունակել է գոռգոռալ Նարգիզի վրա եւ այդ ընթացքում դարակից վերցնելով խոհանոցային դանակը՝ սպառնացել: Նարգիզի ամուսին Սամվելը, Իվետին հրելով, նրան տարել է մյուս սենյակ եւ թույլ չի տվել մոտենալ կնոջը: Այդ պահին էլ Իվետա Սարգսյանը Սամվելից ազատվելու համար դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս ձախ աճուկային շրջանին` ծակած-կտրած խուլ վնասվածքի եւ արտաքին զստային զարկերակի վնասման ձեւով պատճառելով կյանքին վտագ սպառնացող ծանր վնաս, որն առաջ է բերել արյունահոսություն եւ առաջացրել Սամվել Բաղյանի մահը:
Այժմ Իվետին Մասիսի դատարանում դատում են 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու համար՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ, եւ որի համար հոդվածի սանկցիան նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում:
ՍՊԱՆԵԼ Է ՍԻՐԵԿԱՆԻ ՍԻՐՈՒՀՈՒ ԱՄՈՒՍՆՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ